Tuesday, June 16, 2009

Երկօրյա այցով Հայաստան է ժամանում Սիրիայի նախագահը՝ տիկնոջ հետ

Tert.am.16-6-2009- Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը և տիկին Ասմա Ալ-Ասադը։ ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը։ Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Հայաստանի և Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։Հունիսի 17-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի և տիկին Ասմա ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք։Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Հունիսի 18-ին Հայաստանի և Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը։Հայաստան այցի օրերին նախագահ Բաշար Ալ-Ասադը կայցելի նաև Մատենադարան։Հունիսի 18-ին Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից։

No comments: