Wednesday, August 26, 2009

«Ոստիկանին զոհաբերում են Եվրոպային»

A1+ 25-8-2009- Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ջոկի հրամանատար Գեղամ Հարությունյանը միակ ոստիկանը չէ, որը մարտի 1-ին բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հենց նրան է մեղադրանք առաջադրել` Քր.օր 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Իրավապաշտպանները, մեղմ ասած, չեն ողջունում Գեղամ Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որի համար ունեն իրենց հիմնավորումները: «Ես համոզված եմ, որ Գեղամ Հարությունյանին չեն դատապարտելու, նրա նկատմամբ համաներում է տարածվելու եւ նա ազատ է արձակվելու: Նրա ձերբակալությունը ընդամենը Եվրոպային ցույց տալու համար է, թե տեսեք-տեսեք ոստիկան էլ ենք պատժում: Հարությունյանին ընդամենը զոհաբերում են Եվրոպային»,- այսօր «Ա1+»-ին Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Իսկ ինչո՞ւ են ընտրել հենց Հարությունյանին, այն դեպքում, երբ բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ոստիկանները ծեծի են ենթարկում քաղաքացիներին. «Ա1+ին» հարցին` իրավապաշտպանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հարությունյանը արդեն թոշակի պետք է անցնի եւ նա այլեւս անհրաժեշտ չէ ոստիկանությանը, չի կարող նոր ծառայություններ մատուցել: Եթե իշխանություններն իսկապես մտադիր են պատժել բռնություններ կիրառած ոստիկաններին, ապա առաջին հերթին պետք է պատժեն «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկաններին»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ընդհանարապես չի հիշում մի դեպք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ոստիկանը դատապարտվի քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու համար: Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ի դեպքերին, ապա Իշխանյանը նշեց. «Ես կուզենայի, որ ՀՀ-ում իրավապահ մարմինները լինեին անկախ եւ համապատասխան գնահատական տային ոչ համաչափ գործողություններ իրականացրած բոլոր ոստիկաններին: Իսկ Գեղամ Հարությունյանին մեղադրանք առաջադրելը, ես չեմ համարում այդ շղթայի առաջին օղակը»: Իշխանյանը կարծում է, Գեղամ Հարությունյանին պատժելու որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում: Իսկ թե ինչու է բռնություն կիրառած ոստիկաններից միայն պատժվում Գեղամ Հարությունյանը, դատախազությունից մեզ չհաջողվեց պարզել Դատախազի մամլո խոսնակը մի քանի օր է անհասանելի է:

No comments: