«Լրագիր» 25-8-2009- «Եթե մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորվեն՝ սահմանը չբացվի և Հայաստանը հնարավորություն չունենա դուրս գալու Սև ծով և Միջերկրական ծով, ապա Ռուսաստանը կարող է մեզ այլընտրանքային հնարավորություններ տրամադրել՝ ի դեմս Կասպից ծովի և Սեւ ծովի մոտ գտնվող իր ռազմաբազաների։ Կարծում եմ, սա մեծ առավելություն կլինի Հայաստանի համար։ Այդպիսով ռուսները կարծես ակնարկում են, որ հարկ եղած դեպքում կարող են Հայաստանը դարձնել տարածաշրջանային կարևոր գործոն՝ և ռազմական, և տնտեսական առումով»: Այդ հայտարարությունը Հայոց Աշխարհ օրաթերթին տված հարցազրույցում արել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հետաքրքիր է, թե արդյոք Ռազմիկ Զոհրաբյանը տեղեկություն չունի Ադրբեջանի հարավում ռուսական ենթակայության տակ գտնվող Գաբալայի ռադիոլակացիոն ցանցից էլ մեզ բաժին հանելու ռուսների մտադրության մասին: Բայց ոչինչ, առանց Գաբալայի էլ յոլա կգնանք, կարեւորը որ ռուսները մեզ Սեւ ծովում եւ Կասպից ծովում ռազմաբազա են տալիս: Անորոշ է միայն, թե մենք ինչ ենք անելու այդ ռազմաբազաները, այն էլ ծովափնյա, եթե մեր ունեցած գործող նավը միայն Զորի Բալայանի “Արմենիան” է, որն էլ սակայն համաշխարհային օվկիանոսում Հայաստանի համար պաշտոնական տվյալով՝ հեղինակություն, իսկ ոչ պաշտոնական տվյալով էլ՝ մի քիչ էլ փող է հավաքում: Բայց դե եթե ռուսները ռազմակայան են ուզում տալ, ուրեմն կասեն նաեւ, թե ինչ պետք է անենք այդ ռազմակայանի հետ: Ու կասեն երեւի թե, թե ինչպես է այդ ռազմակայանը փոխարինելու հայ-թուրքական սահմանին, առավել եւս Կասպից ծովում: Ռազմիկ Զոհրաբյանին երեւի հաստատ կասեն, դե նա էլ երեւի մի հարցազրույց էլ կտա ու հասարակությանը կասի, թե ինչ ենք անելու մենք այդ ռազմակայանները, եւ գլխավորը՝ թե ինչով ենք անելու: Բայց երեւի դա էլ խնդիր չէ: Ռուսաստանում բազմաթիվ հայեր կան, օրինակ, կարող է այդ ռազմակայանների հովանավորությունը ստանձնել ռուսաստանցի մի հարուստ գործարար, ասենք Արա Աբրահամյանը կամ Սամվել Կարապետյանը, ու այնտեղ փողով աշխատանքի ընդունել այն հայերին, որոնք ճգնաժամի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը: Թող փողով ծառայեն ռազմակայանում, եւ այդպիսով կլուծվի Հայաստան գալու նրանց հարցը, եւ Հայաստանում գործազուրկների բանակը չի ավելանա: Այնպես որ, այդ խնդիրը կլուծվի: Իսկ ահա անկախ Հայաստանի կարեւոր խնդիրներից մեկը, որ քաղաքական գործիչները, այն էլ իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ, խոսեն մի քիչ մտածելով, երեւի թե դեռ երկար ժամանակ կմնա անլուծելի: Մինչդեռ եթե մտածեն, ասենք նույն Ռազմիկ Զոհրաբյանը, ապա կհասկանան իրենց մտքի եւ իրավիճակի ամբողջ ողբերգականությունը: Պատկերացնում եք, Հայաստանի իշխանական վերնախավը ուրախանում է եւ իբր թուրքերին սպառնում է սեւծովյան կամ կասպիցծովյան ռազմաբազաներով, բայց պատրաստ է շատ հանգիստ հետ քաշել իր ռազմական միավորումները ազատագրված տարածքներից ու դրանք տալ Ադրբեջանին, իբր փոխզիջում: Իսկապես, Սոչիում երեւի հողերն ավելի լավն են, կուրորտային, կարելի է ռազմաբազային կից հյուրանոցներ ու լողափեր կառուցել: Թե չէ ազատագրված տարածքները գլխացավ են, համ էլ Ռուսաստանը չի տվել, ուրեմն պետք է շտապ ազատվել այդ շառից:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
No comments:
Post a Comment