Wednesday, September 23, 2009

Բերբերյանի սպանության գործով ձերբակալվել է ևս մեկը

«ՀԵՏՔ» 22-9-2009- Ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության փաստով այսօր կեսգիշերին` ժամը 12:05-ին, Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Կարեն Դալլաքյանը: «Երեկ տեղեկություն ստացանք, որ հետախուզվողը տոմս է գնել և պատրաստվում է Մոսկայից հեռանալ: Անմիջապես կապվեցինք մեր ռուս գործընկերների հետ և խնդրեցինք` համապատասխան միջոցներ ձեռնարկել հանցագործին ձերբակալելու համար»,- ասում է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին: Բերբերյանին սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա ընկերը՝ 1974 թ. ծնված Պետրոս Թեմիրյանը: Այսօր ձերբակալված Կարեն Դալլաքյանը հենց նրա ընկերն է և Բերբերյանի հետ ուղիղ կապ չի ունեցել: Ըստ Կենտրոնի ոստիկանապետի` մասնագիտությամբ բարմեն Կարեն Դալլաքյանը բուն սպանության գործընթացում ավելի լուրջ մասնակցություն է ունեցել, քան Պետրոս Թեմիրյանը: Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել է խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել են Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան տարել օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել է լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը: Գործի քննությունը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնի վարույթում: Այստեղ արդեն պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը` ձերբակալված Կարեն Դալլաքյանին Հայաստան էքստրադիցիա անելու համար:

No comments: