Wednesday, August 10, 2011

Եռակողմ ձևաչափով հանդիպումները մոտեցրել են կողմերի դիրքորոշումները. Ալիև

Tert.am. 9-8-2011- Այսօր Սոչիում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Հնադիպման գլխավոր թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էր։
Ինչպես նշված է Կրեմլի պաշտոնական կայքում, Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ընդգծել է. «Տարածաշրջանային խնդիրների կարգավորումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք մոտ երկրներ ենք, հարևաններ, մտերիմ ընկերներ և գործընկերներ։ Ըստ էության, ողջ տարածաշրջանի, մեր երկրների, մեր ժողովուրդների ինքնազգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է զարգանում իրավիճակը տարածաշրջանում»,– ասել է Մեդվեդևը։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացրած ջանքերի համար և ասել. «Մենք Ադրբեջանում շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը գործընթացին։ Եվ եռակողմ ձևաչափով անցկացված հանդիպումները, բնականաբար, շատ են մոտեցրել կողմերի դիրքորոշումները»։
Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
«Ադրբեջանն ամենից շատն է շահագրգռված այդ խնդրի շուտափույթ կարգավորմամբ, որ բոլոր տեղափոխված անձինք վերադառնան իրենց բնակավայրերը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, հանգստություն և համագործակցություն»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն ընդգծել է նաև, որ այն սկզբունքները, որոնց հիման վրա ընթանում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, արտացոլում են միջազգային իրավական նորմերն ու ողջամտությունը։
«Այդ պատճառով հակամարտության շուտափույթ կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից»,– ասել է նա։

No comments: