Saturday, December 31, 2011

Հայկական նոր հեղափոխությունը

«Լրագիր» 30-12-2011- 2012-ը Վիշապի տարի է, որը սովարաբար Հայաստանում հեղափոխությունների տարի է: 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն՝ հայ ժողովուրդը հոգեւոր, քաղաքական վերելք ապրեց: Այդ վերելքի ներքին էներգիան այնքան մեծ էր, որ Հայաստանն անկախացավ, հայ ժողովուրդը հաղթեց ազատագրական պայքարում, դիմանալով ծանրագույն մարտահրավերների ու փորձությունների, որոնք առաջացել էին երկրի ներսում եւ արտաքին ասպարեզում:
Հայաստանում, սակայն, արագ հաղթեց հակահեղափոխությունը, ժամանակի վարչակազմի որակների ու գործունեության տեսքով, եւ երկրում հաստատվեց բնույթով ռազմաֆեոդալական վարչակարգ՝ զինվորականների ու պետական չինովնիկների սիմբիոզ:
Հաջորդ Վիշապի տարում՝ 2000 թվականին, Հայաստանում կրկին տեղի ունեցավ հեղափոխություն: Ներիշխանական պայքարի արդյունքում վերացվեց ռազմաֆեոդալական համակարգը, եւ երկրում սկսեց ձեւավորվել այն համակարգը, որն ընդունված է անվանել «քրեաօլիգարխիկ»:
Այս համակարգն իր բնույթով ավելի ամուր եւ փաստացի «առաջադիմական» էր, քան նախորդը, այդ պատճառով էլ հաղթեց նրան: Ինչու առաջադիմական. որովհետեւ, ի տարբերություն նախորդի, սրա հիմքում «օրենքն» է: Եթե ռազմաֆեոդալական վարչակարգի պայմաններում իշխում էին մի քանի անձանց սեփական պատկերացումները կյանքի եւ մնացյալի վերաբերյալ, որոնք պարտադրվում էին հանրությանը, ապա «քրեաօլիգարխիկ» համակարգի պայմաններում հարաբերությունների հիմքում «օրենքն» է՝ ներհամակարգային պայմանավորվածությունները երկիրը քվոտաների ու «զոնաների» բաժանելու եւ ներքին հարաբերությունների վերաբերյալ: Պատկերացումներին, «լավ ու վատի» կամայական սահմանումներին փոխարինելու եկան խաղի հստակ ու կոշտ կանոնները:
Հայ հասարակությունն, այսպիսով, սկսեց ընտելանալ ոչ թե պատկերացումներով, այլ որոշակի կանոններով ապրելու ու հարաբերվելու իրականությանը: Սա հայ իրականության մեջ նորություն էր, քանի որ մեր այսպես ասած քաղաքական պատմությունը, որքանով որ հասել է մեզ, պատկերացումների պատմություն է, որը ոչ մի առարկայական կապ չունի իրականության հետ:
Այս իմաստով, քրեաօլիգարխիկ համակարգը մեծ նշանակություն է ստանում հայ ժողովրդի համար, քանի որ ընտելանալով այդ համակարգի «օրենքներով» ապրելու մեխանիզմին, նա արդեն կարող է անցնել պետական օրենքի հաստատմանը:
Երբ դիտարկում ենք Արեւմուտքի այլ ժողովուրդների փորձը, ապա նկատելի է ֆեոդալական պատկերացումների համակարգից քրեական կարգի, ապա սահմանադրական կարգի անցնելու էվոլյուցիան: Այդպես է գրեթե բոլոր այն ժողովուրդների մոտ, որոնք ինչ որ ժամանակ, ներքին թե արտաքին հանգամանքներով պայմանավորված, կորցրել են իրենց ներքին կեցության առանցքը, բարոյականության նորմերը, ներքին հարաբերությունների կանոնները:
2012-ը Վիշապի հերթական տարին է: Քրեաօլիգարխիկ համակարգը ներկայում ճաքեր է տալիս ոչ թե ներիշխանական հակասություններից, ինչպես ընդունված է կարծել Հայաստանում, այլ ներքին ու արտաքին օբյեկտիվ զարգացումների տրամաբանության հարվածների տակ: Դրան զուգահեռ, Հայաստանում դանդաղ, սակայն հեւտեւողական ներդրվում է իրավական-սահմանադրական գիտակցությունը, քաղաքացիական արժեհամակարգը, որի վառ ապացույցն է քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ, գրագետ, արդյունավետ աշխատանքը: Մինչեւ չի ստեղծվում որակապես այլ համակարգ, նախկին համակարգը չի զիջում իր դիրքերը: Հայաստանի հասարակությունն այդ որակապես նոր համակարգի ստեղծման ճանապարհին է:
2012-ն այս իմաստով հեղափոխական տարի է լինելու: Ճիշտ է, հայկական նոր հեղափոխության ճանապարհը լինելու է բարդ, քանի որ այդ ճանապարհին դեռեւս ամուր կանգնած է հակահեղափոխության ողջ ռեսուրսը՝ ներկայիս կոալիցիոն ու ընդդիմադիր ուժերը, քաղաքական ու տնտեսական «էլիտան», պոպսան՝ որպես մտածողություն, արժեհամակարգ: Սակայն, սրանց ժամանակն արդեն անցել է, որովհետեւ իրավական-սահմանադրական գիտակցությունն այն է, ինչին հնարավոր չէ հաղթել:
Կեցցե հայկական նոր հեղափոխությունը:
Հայկ Արամյան

No comments: