«Ազատություն» 22-9-2009- Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը երեքշաբթի խիստ քննադատության ենթարկեց օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները` հայտարարելով, թե այս փաստաթղթերով Հայաստանյան իշխանությունները համաձայնել են Թուրքիայի առաջադրած այն անընդունելի նախապայմաններին, որոնք 17 տարի շարունակ մերժվում էին:
«Ես երբեք չէի համարձակվի այսպիսի փաստաթուղթ դնել մեր ժողովրդի առաջ: Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի, եւ վստահեցնում եմ ձեզ, չեմ նախանձում այն մարդուն, որը շուտով այս փաստաթղթերը պիտի ստորագրի», - հայտարարեց Վարդան Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարի կարծիքով, արձանագրություններում տեղ գտած ընդամենը մեկ նախադասությամբ, որը վերաբերում է երկու երկրների ներկայիս սահմանների փոխադարձաբար ճանաչմանը, «մենք ամբողջությամբ զիջում ենք մեր պատմական իրավունքները»: Օսկանյանի համոզմամբ, Հայաստանը դրվում է շատ անհավասար վիճակի մեջ. սահմանների բացման «անորոշ» հեռանկարի դիմաց չափազանց շատ բան է զոհաբերվում:
Նախկին արտգործնախարարի խոսքերով, մեզ այսօր կանգնեցրել են փաստի առջեւ. - «Ասվեց, որ այնտեղ ոչինչ հնարավոր չէ փոխել: Առավել եւս, պնդվեց, որ այնտեղ չկա ոչինչ, որ չի բխում մեր ազգային շահերից եւ այնտեղ չկան նախապայմաններ: Բայց այդ փաստաթղթերին ծանոթացումից հետո միանշանակորեն գալիս ես եզրակացության, որ այդ փաստաթղթերը պարտադրվել են հայկական կողմի վրա, կամ, հայկական կողմը իսկապես բանակցել է այդ փաստաթղթի շուրջ, բայց իրեն խորապես ներշնչած լինելով, որ Հայաստանի ամբողջ ապագան կախված է միայն ու միայն հայ-թուրքական սահմանի բացումից: Այլապես ես չեմ կարողանում հասկանալ այդ փաստաթղթի տրամաբանությունը»:
Օսկանյանը սուր մտահոգություն հայտնեց, մասնավորապես, նաեւ պատմաբանների ենթահանձնաժողովի առնչությամբ. - «Թուրքիան ուզում է այս փաստաթղթերը ստորագրելով քողարկել իր դժկամությունը պատմության դեմ առ դեմ կանգնելուց»:
Եզրափակելով հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իր զեկույցը` Հայաստանի նախկին արտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները անհապաղ պետք է դուրս գան այս գործընթացից:
Wednesday, September 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment