Saturday, October 3, 2009

Արմեն Ռուստամյան. Եթե մեկին ուզում են թունավորել, բաժակի վրա չեն գրում «թույն»

News.am. 1-10-2009- «Բոլորն էլ կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, բայց ի՞նչ գնով»,- այսօր ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ «դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծած մենք նոր խնդիր մեզ համար ստեղծեցինք` երկրորդ ճակատը բացելով, եւ ոչ մի երաշխիք չունենալով, որ այդ երկու խնդիրները միմյանց չեն կապվի»: «Ոչ Թուրքիան, ոչ միջազգային հանրությունը չէին կարող Հայաստանին պարտադրել գնալ ավելի մեծ զիջումների, քան առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն է»,- նշեց Ա. Ռուստամյանը՝ նկատելով, որ այս արձանագրություններով Հայաստանը շեղվել է առանց նախապայմանների գործելու իր սկզբունքից, քանի որ այստեղ կան նախապայմաններ: Արձանագրելով, որ այդ արձանագրություններում հստակ նշված չէ Ղարաբաղի ու Կարսի պայմանագրի մասին, նա նկատեց. «Եթե մեկին ուզում են թունավորել, բաժակի վրա չեն գրում „թույն“, դրա համար էլ չկան Կարսի պայմանագրի ճանաչման եւ ցեղասպանությունից հրաժարման հստակ ամրագրումներ, թեեւ դրանք իրականում կան»: Դաշնակցական գործչի խոսքով, այս արձանագրությունների ստորագրումով Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու: Մասնավրապես զրկվելու է Կարսի պայմանագրի հետագա վիճարկումից: «Թուրքիան ցեղասպանության հարցում չէր հաջողի, եթե մենք չհամաձայնեինք ստեղծել այդ չարաբաստիկ պատմաբանների ենթահանձնաժողովը: Մենք ցեղասպանության հարցը իջեցրինք երկկողմ հարաբերությունների մակարդակի, թեեւ այն վաղուց միջազգային հարթության հարց էր եւ զուգահեռվում էր հրեաների Հոլոքոստի հետ»,- ասաց Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ այսպիսի զիջողականությամբ մենք մեր թշնամիների մոտ տպավորություն ենք ստեղծում, որ վաղ թե ուշ անձնատուր ենք լինելու:

No comments: