Monday, October 19, 2009

Թուրքիայի հասարակության զգալի մասը դեմ է Հայաստանի հետ հարաբերություններին. կարծիք

Tert.am. 19-10-2009- Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ հայ հասարակությունը պառակտվել է։ Մի մասը կողմ է այդ հարաբերություններին, մյուս մասը՝ դեմ։ Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայկական սոցիոլոգիական ասոցացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։ Հասարակության պառակտումն, ըստ նրա, առկա է նաև Թուրքիայում, որտեղ սակայն թուրք հասարակության զգալի մասը դեմ է Հայաստանի հետ հարաբերություններին։ Պողոսյանը նկատել է, որ հետզհետե Թուրքիայում այդ ընդդիմադիր զանգվածը քչանում է։ Ըստ նախնական սոցհարցումների՝ թուրք հասարակության 70 տոկոսն է դեմ եղել Հայաստանի հետ հարաբերություններին, մինչդեռ վերջին հարցումներով այդ թիվը կազմել է 53–54 տոկոս։ Ի պատասխան Tert.am–ի հարցի, թե ինչո՞ւ է Թուրքիայում հասարակության մեջ նման փոփոխություն տեղի ունեցել, Գևորգ Պողոսյանը ներկայացրել է իր ենթադրությունը, թե հավանաբար Թուրքիայում ևս մեծ աշխատանք է տարվում։ Հայաստանում վերոհիշյալ կազմակերպությունը 1000 երևանցիների շրջանում սեպտեմբերին 20–25 սոցհարցում է անցկացրել ու պարզել, որ հայ հասարակության 52,4 տոկոսը դեմ է Արձանագրությունների ստորագրմանը, 40 տոկոսը՝ դեմ է սահմանի բացմանը։ Շարունակելով՝ սոցիոլոգը նշել է, որ թե Հայաստանում, թե Թուրքիայում ներքին մեծ դիմադրություն կա հայ–թուրքական գործընթացին և որևէ հասարակությունը չի ողջունում այդ գործընթացը։ Պողոսյանի համար զարմանալի է եղել, որ քաղաքական նման մեծ ակցիա սկսելուց առաջ հայկական իշխանությունները հասարակական տրամադրությունները պարզելու որևէ հարցում չարեցին կամ գոնե այդ տվյալները չհրապարակեցին։

No comments: