Thursday, October 15, 2009

«ԱՅԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ ԷՐ»

«Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին ասում է այդ հանդիպումը կազմակերպած մեծահարուստ Սամսոն Էոզարարատը: 2008-ի նախագահական ընտրություններից առաջ իշխանամետ մի քանի թերթեր ընդդիմության թեկնածուի դեմ հակաքարոզչության շրջանակներում հրապարակեցին նույն բացահայտումը, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993թ. մարտին Փարիզի «Grillon» հյուրանոցում հանդիպել էր «Գորշ գայլերի» («Ազգայնական շարժում» կուսակցության) առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ՝ քննարկելով ղարաբաղյան պատերազմի դադարեցման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ «Գորշ գայլերի» առաջնորդի որդին՝ Թուղրուլ Թյուրքեշը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը եւ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Հանդիպումը կազմակերպել էր, ինչպես այդ թերթերն էին նշում՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ժամանակին սերտորեն գործակցած, Թուրքիայում ծնված հայազգի կամ այդպես ներկայացող» Սամսոն Էոզարարատը: Նաեւ նշում էին, թե հայ-թուրքական շփումներում բանագնացի դեր ստանձնած Էոզարարատը Երեւան էր այցելել ու փակ սահմանի միջով Թուրքիա վերադարձել, եւ նրա համար երկու կողմերի սահմանապահներն էլ խնդիրներ չէին հարուցել։ Երեկ «Հյուրիեթ» խմբագրատուն այցելած հայ լրագրողները պատահաբար հանդիպեցին Ֆրանսիայում բնակվող հայ մեծահարուստ Սամսոն Էոզարարատին, որը մեկն է այն 100 հայերից, որոնք այսօր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի պատվավոր հյուրերից են: Սամսոն Էոզարարատը եկել էր հարցազրույց տալու «Հյուրիեթին»: Հանդիպման վերջում, ի դեպ, նա հայ լրագրողներին ցույց տվեց, որ ունի հայկական դիվանագիտական կապույտ անձնագիր՝ Սամսոն Էոզարարատը նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործարար կոմիտեի տնօրենների խորհրդում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչն է՝ արդեն 15 տարի: «Armenian reporter»-ի թղթակցի խնդրանքով Սամսոն Էոզարարատն առաջին անգամ հայկական մամուլին մանրամասներ պատմեց այդ հանդիպման բովանդակության մասին: Ընդ որում, մեր ֆրանսախոս դիվանագետի խոսքը թարգմանում էր նույն մարդը, որը որպես թարգմանիչ ներկա էր եղել նաեւ 1993-ի այդ պատմական հանդիպմանը: Ըստ Սամսոն Էոզարարատի՝ այդ հանդիպման շրջանում Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ մի շարք քայլերի վերաբերյալ էին ցանկանում պայմանավորվել, բայց՝ «Այս հարաբերությունների մեջ Թյուրքեշը երեւում էր որպես մի պատ, որի մյուս կողմը կարելի չէր անցնել: Ամեն դժվարություն կգար ու կանգ կառներ Թյուրքեշի վրա: Ասացի, երթանք՝ տեսնանք սա Թյուրքեշը: Պետք է խոսինք՝ ի՞նչ է ռիսկը. եթե չխոսի՝ հետ կվերադառնանք: Սա էր գաղափարը, որ գնացինք, իրեն տեսանք: Սա Ղարաբաղի պատերազմի շրջանն էր. եւ Թյուրքեշի ու ժամանակի կառավարության կողմից շատ խիզախ քայլ էր Հայաստանի նախագահի հետ բանակցելը»: Պատմեց, որ «Գորշ գայլերի» առաջնորդն առաջին անգամ էր Փարիզ ժամանել. «Իր մտքին մեջ դա հայկական քաղաք էր»: Նաեւ հավելեց. «Հայաստանում մի շրջան մի քիչ վստահ չէին, որ պետք է Տեր-Պետրոսյանը տեսնվի Թյուրքեշի հետ»: 2008-ի նախագահական ընտրություններից առաջ թուրքագետ Հակոբ Չաքրյանը վկայակոչելով 2005-ի գարնանը թուրքական «Միլիեթում» հրապարակված հոդվածաշարը՝ նշել էր, թե Թյուրքեշը Տեր-Պետրոսյանին առաջարկներ է ներկայացրել, եւ ՀՀ նախագահը կողմ է եղել դրանց, պարզապես Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իր համաձայնությունը չի տվել. «Ըստ այդ առաջարկների, Ադրբեջանը եւ Հայաստանը իսկույն հրադադար են հաստատում, հայկական զորքերը դուրս են բերվում ադրբեջանական հողերից (իհարկե, «ադրբեջանական հողեր» ասելով, նկատի ունի նաեւ Լեռնային Ղարաբաղը), երկու կողմերն էլ առկա սահմաններում (ԼՂՀ-ն մտնում է Ադրբեջանի կազմի մեջ) ճանաչում են միմյանց անկախությունը, պարտավորվում են միմյանց ներքին գործերին չմիջամտել եւ հողային պահանջ չներկայացնել, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բաց պահել, սակայն միջազգային դիտորդական առաքելության վերահսկողության տակ»: «Առավոտը» Սամսոն Էոզարարատին խնդրեց պարզաբանել, թե իրոք այդ հանդիպման ժամանակ եղե՞լ են նման պայմանավորվածություններ: «Ոչ: Այդ հանդիպման ընթացքում բնավ մեկ համաձայնություն չեղավ,- կտրուկ հերքեց նա:- Բայց եղավ խնդրի նկատմամբ մոտեցման փոփոխություն: Մինչեւ այդ ժամանակ Թուրքիայի կողմից փափագ կար, որ խնդիրը լուծվի ճնշմամբ՝ շրջափակման եւ այլ միջոցներով: Այդ հանդիպման արդյունքն այն էր, որ ճնշումից անցնեն երկխոսության: Բայց դրան այդ ժամանակ չկարողացանք գնալ՝ Հայաստանն էլ մի քիչ կամաց գնաց: Սակայն եղավ Հայաստանի նկատմամբ կեցվածքի եւ գաղափարների փոփոխություն: Եվ դա հայ-թուրքական ներկա արձանագրությունների խորհրդանշական սկիզբն էր: Այդ արձանագրությունները ստորագրել են երկու հավասար երկրներ՝ մեկն ավելի ցածր կամ բարձր, մեծ կամ փոքր չէ: Այդ հավասարությունն առնվեցավ «Grillon» հյուրանոցի մեջ՝ այդ առաջին հանդիպման ժամանակ»: Սամսոն Էոզարարատը վստահ է. «Եթե այդ ճանապարհով այսօր հասանք այս վիճակին՝ հարկավ, մի քիչ ուշացումով, հենց այդ օրը եղավ շատ կարեւոր հայկական քաղաքականության մեջ»: Ի դեպ, «Միլիեթն» այդ հոդվածաշարում վկայակոչելով Սամսոն Էոզարարատին՝ հայտնել էր, թե հանդիպումից որոշ ժամանակ անց քննարկվել է հայ-թուրքական սահմանի վրա 1915թ. զոհերի հուշարձան կառուցելու հնարավորությունը։ Եվ այդ հուշարձանի՝ դեպի Հայաստան ուղղված մասի վրա թուրքերեն, իսկ դեպի Թուրքիա ուղղված մասին հայերեն գրվելու էր. «Մեր պատճառած ցավի համար սգում ենք»։ Նույն թերթերը, որոնք այսօր գովերգում են Սերժ Սարգսյանի փորձը՝ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, 2008-ին գրում էին. «Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ ցավ են պատճառել հայերը թուրքերին, այդ ի՞նչ հանցանք են կատարել, որ այն համահավասարեցվի Հայոց ցեղասպանությանը։ Միաժամանակ դժվար չէ նկատել, որ նմանաբնույթ քննարկման մասնակցելով եւ հիշյալ հուշարձանի կառուցմանը համաձայնությունը տալով՝ Լ. Տեր-Պետրոսյանը, լինելով Հայաստանի նախագահը, փաստորեն ջուր է լցրել Թուրքիայի արտաքին քաղաքականության ու քարոզչության ջրաղացին»։ Վերջում եւս մի մեջբերում Սամսոն Էոզարարատի՝ հայ լրագրողների հետ երեկվա զրույցից: Ի տարբերություն գործընթացի «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանմանը, նա պնդեց, թե արդեն տեւական շրջան է, որ Սերժ Սարգսյանը ցուցադրում է՝ «ինքը շախմատի խաղացող է», եւ որպես դրա եւս մի ապացույց՝ դիտարկեց Սփյուռքի հետ հանդիպելու համար ուղեւորությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության երեք նախագահների՝ Թուրքիայի հանդեպ վարած քաղաքականությունը, ըստ Սամսոն Էոզարարատի, միմյանց շարունակությունն է. «Ամեն մի նախագահ իր ոճն ունի, բայց Թուրքիայի հանդեպ քաղաքականության կարեւոր գծերը նույնն էին: Հայաստանը դեռեւս չանկախացած՝ այս քաղաքականությունն արդեն ճշտել էր: Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների այս գիծը շարունակվում է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ «Առավոտ» 14-10-2009

No comments: