Thursday, October 15, 2009

«Մենք հայ ենք» նախագծի երկրորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերի 20–ին

Tert.am. 15-10-2009- ՀԱՅ TV-ի հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին մեկնարկում է «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» անունը կրող նախագծի երկրորդ փուլը։ Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է համահայկական քվեարկության միջոցով պարզել ամենաարժանավոր հայերի անունները։ Հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ, այցելելով www.menqhayenq.am կայք, յուրաքանչյուրը հնարավորություն կունենա համալրել տարբեր ոլորտներում հայ անվանի գործիչների ցանկը։ Երկրորդ փուլի ընթացքում, որը տևելու է հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը, արդեն ձևավորված 100 թեկնածուից համացանցում և SMS քվեարկության միջոցով ընտրվելու են 12 գործիչ։ Արդյունքում` նոյեմբերի 20-ին կներկայացվի առավելագույն քվեներ ստացած և եզրափակիչ հեռուստատեսային փուլ անցած 12 գործիչների անուններն ընդգրկող ցուցակը։ Երրորդ փուլում առավելագույն քվեներ ստացած 12 թեկնածուի շուրջ կսկսվեն հեռուստատեսային քննարկումներ։ Փուլը բաղկացած է 13 հաղորդումից։ Նոյեմբերի 26-ին, իսկ հետագայում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 22։00-ին ՀԱՅ TV-ի նոր տաղավարից եթեր կհեռարձակվի մեկնարկային հաղորդումը՝ 12 մասնագետ-խոսնակների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր հաղորդում նվիրված է լինելու 12 ընտրված գործիչներից մեկին, ում ներկայացնելու է համապատասխան խոսնակը։ Եզրափակիչ՝ 13-րդ հաղորդման ժամանակ խոսնակները կվերլուծեն և կամփոփեն հանրային քննարկումների արդյունքները, որից հետո էլ կհրապարակվի ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչի անունը։

No comments: