Գործընթացի նկատմամբ միջազգային ուժերի շահագրգռություններն ու ընդդիմադիր շրջանակների հակազդեցության դրսեւորումները
Վերջին 18 տարիներին Հայաստան-Թուրքիա հարաբերություններ որպես այդպիսին գոյություն չեն ունեցել, որովհետեւ դրանք միջպետական մակարդակի բարձրացնելու, այսինքնՙ դրանց դիվանագիտական բնույթ հաղորդելու պաշտոնական Երեւանի ջանքերին Հայաստանի նկատմամբ դեռեւս 1991-ին որդեգրած թշնամական քաղաքականությամբ հակադրվել էր Թուրքիան, առաջադրելով հայկական կողմին միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ։ Այսպիսով անհնար է դարձել հայ-թուրքական հարաբերությունների երկկողմ շփումներով կարգավորումն ու դրանք կանգնել են փակուղու առջեւ։
Այս հանգամանքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միջամտելու առիթ է տվել միջազգային ուժերին։ Միջամտության պայմաններում հայկական եւ թուրքական կողմերն ակամա այդ ուժերին են զիջել կարգավորման նախաձեռնությունը։ Քանի որ այդ ուժերն ի դեմս ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի, միմյանց հետ հանուն ազդեցության անհաշտ մրցապայքար են ծավալում Հարավային Կովկասում, ուստի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններն ինքնաբերաբար ներքաշվել են մրցապայքարի ոլորտ։
2008-ի օգոստոսին վրացական զորքերի սանձազերծած հարավ-օսական պատերազմը, փոխելով ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, լուրջ ներգործություն է ունեցել այդ մրցապայքարի վրա։ Ռուսաստանի միջամտությամբ պատերազմն ստացել է ռուս-վրացական առճակատման բնույթ։ Վրաստանին Արեւմուտքի ցուցաբերած աջակցությանն ի պատասխան, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։
Այս ամենը հանգեցրել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության աննախադեպ աճին։ Ռուսական գործոնին բախվելու հետեւանքով ձախողման եզրին է կանգնել ԱՄՆ-ի հարավ-կովկասյան քաղաքականությունը։ Կաթվածահար վիճակում հայտնված Վրաստանը դադարել է հուսալի հենարան լինել ԱՄՆ-ի համար: Անկայունությունը դարձել է ներքաղաքական կյանքի մշտական գործոն Վրաստանում։
Դա կասկածի տակ է դրել Վրաստանին որպես էներգակիրների տարանցիկ միջանցք օգտագործելու, առավել եւսՙ այս երկրի միջոցով Արեւելյան Սեւ ծովն ու Կասպյան ավազանի ռազմավարական շրջանները վերահսկելու Վաշինգտոնի քաղաքական հաշվարկների նպատակահարմարությունը։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանին է անցել Հարավային Կովկասում ծավալվող ռուս-ամերիկյան մրցապայքարի նախաձեռնությունը: Դրա հետ իբրեւ դաշնակցիՙ աճել է նաեւ Հայաստանի ռազմավարական նշանակությունը պայքարող կողմերի համար։
Կորսված դիրքերի վերականգնման հրամայականն ստիպել է ԱՄՆ-ին աշխուժացնել Հայաստանի հետ մերձեցման ջանքերը։ Մերձեցումը պայմանավորվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ներառյալ Թուրքիայի հայկական սահմանի բացումը։ Թերեւս այդ առումով պատահական չէր հարավ-օսական պատերազմից հետո «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ վարչապետ Էրդողանի հանդես գալը, Հայաստանի ներգրավումը դրանում, առավել եւսՙ նախագահ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցն ու Շվեյցարիայում ծավալվող հայ-թուրքական դիվանագիտական շփումների բարձրացումն արտգործնախարարների մակարդակի։
Այս ամենին, ինչ խոսք, նպաստել են տարածաշրջանում ստեղծվող նոր իրավիճակըՙ կապված նախագահ Բարաք Օբամայի ռազմաքաղաքական լարվածությունը թուլացնելու դիրքորոշման հետ, այդ իրավիճակում Թուրքիային հատկացվող «խաղաղության եւ կայունության հաստատման» դերակատարությունը, Թուրքիայի հայկական քաղաքականության դիրքերի լիակատար սպառումն ու տարածաշրջանային նախաձեռնություններից ու նախագծերից Հայասատանի օտարման անհամատեղելիությունը նոր դերակատարության հետ, ինչպես նաեւ օտարելու դեպքում սեփական նախաձեռնությունները Հարավային Կովկասում կանխավ ձախողման դատապարտելու անխուսափելիությունը Անկարայի համար։
Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցումը չի սահմանափակվում երկու երկրների հարաբերությունների շրջանակով։ Դա անմիջականորեն անդրադառնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մրցապայքարին, միջազգային այս ուժերի տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաեւ նրանց հետ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների վրա, թերեւս դրանով էլ ձեռք է բերում տարածաշրջանային նշանակություն։ Այդ ընթացքում Վրաստանը կանգնում է Հայաստանի, Ադրբեջանի, այդ թվում Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը վերանայելու հարկադրանքի տակ, կամա թե ակամա փոխվում են թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը կանխորոշող առաջնահերթությունները: Ակնհայտ է, որ առաջնահերթությունների փոփոխությամբ զգալի սահմանափակվում են Թուրքիայի անվերապահ աջակցության վրա հենվելով Հայաստանին մշտապես սպառնալու Ադրբեջանի, իսկ ադրբեջանական սպառնալիքները իբրեւ ազդեցության միջոց Հայաստանի դեմ օգտագործելու Թուրքիայի հնարավորությունները:
Թերեւս տարածաշրջանային նշանակությամբ պետք է պայմանավորել հայ-թուրքական «հաշտեցման» միջազգային լայն հնչեղությունը եւ այդ գործընթացի նկատմամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչու չէ նաեւ Ռուսաստանի շահագրռությունները, որոնք, կարծես, կանխորոշում են դրա արդյունքները։ Այս հանգամանքը պարտավորեցնող է հատկապես հայկական կողմի համար, քանի որ գործընթացի սկիզբը դրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւանՙ միասին դիտելու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։
Թվում էր, թե ընդդիմությունը հաշվի կառնի այս հանգամանքը, ինչպես նաեւ երկու երկրների «հաշտեցման» տարածաշրջանային նշանակությունից բխող միջազգային շահագրգռությունները, որոնք թերեւս այս գործընթացի գլխավոր առանձնահատկություններն են, եւ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններին հակազդելիս կգործի պատասխանատվության գիտակցումով։
Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է «Հայաստանի ազգային շահերին դավաճանելու», «Հայոց ցեղասպանությունը վիճարկելի դարձնելու եւ պահանջատիրությունից հրաժարվելու», «Լեռնային Ղարաբաղի հետ նաեւ Հայաստանը Թուրքիային ծախելու», ինչպես նաեւՙ «Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում Թուրքիայի պահանջներին տեղի տալու» մասին անպատասխանատու հայտարարություններին։
Հայաստանի հետ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները, ինչ խոսք, ունեն խոցելի տեղեր։ Դրանց խոցելիությունը թերեւս պայմանավորված է այն ռիսկային դրույթներով, որոնք տեղիք են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների։ Ինչպես ասենքՙ ցեղասպանության հարցի վիճարկման, Կարսի պայմանագրի վերահաստատման կամ այլ պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու միջոցով Լեռնային Ղարաբաղիՙ Ադրբեջանին հանձնման մեկնաբանությունները։
Եթե հայաստանյան իշխանությունները թուրքերին զիջելու մտադրություն ունենային, ապա սեպտեմբերի 2-ին, արձանագրությունների հրապարակումից 2 օր հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չէր մեկնի Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա հանդիսություններին, նա այնտեղ հերթական անգամ չէր վերահաստատի Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում, ոչ էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին Ստամբուլում թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից կհայտարարեր. «Եթե որեւէ մեկը կարծում է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների Հայաստանը կզիջի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում, չարաչար սխալվում է: Մենք այս հարցերում չենք զիջել, չենք զիջում եւ չենք զիջելու»:
Ի դեպ, ընդդիմությունն ունենալով իր շարքում երկու նախկին արտգործնախարարների, չի կարող չիմանալ, որ միջպետական հարաբերություններում տվյալ երկրի համար պարտավորեցնող են նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները: Այսինքն, այս հայտարարությունները Հայաստանին պարտավորեցնում են դադարեցնել «հաշտեցման» բանակցությունները Թուրքիայի հետ, եթե թուրքական կողմը վերստին հաշտեցումը պայմանավորի Ադրբեջանի վերաբերմունքով եւ նախապայմաններ առաջադրի կապված Հայոց ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ:
Միջազգային հարաբերությունների չգրված այս օրենքն էլ թերեւս պետք է պարտավորեցներ ընդդիմությանը: Եթե դա տեղի չի ունենում, ապա կնշանակի, որ ընդդիմության հակազդեցության հիմքում հայ-թուրքական արձանագրությունների խոցելիությունից բխող մտավախությունը չէ միայն: Քանի որ արձանագրությունների առնչությամբ հայտարարված հացադուլն ու դրանք հանրաքվեի դնելու պահանջները ծայրահեղ բնույթ են հաղորդում այդ հակազդեցություններին, ուստի Հայաստանում արձանագրությունների հետ ինքնաբերաբար գերագնահատվում է Թուրքիայի հետ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նշանակությունը, իսկ դա ոչ միայն նկրտումներում խրախուսում է թուրքական կողմին, այլեւ նախադրյալներ է ստեղծում, որ հայկական կողմի հետ բանակցություններում ամրապնդվեն նրա դիրքերը:
Սակայն, Հայաստանի խնդիրը սոսկ թուրքական նկրտումները խրախուսելու ընդդիմության գործելակերպը չէ, այլեւ Թուրքիայի հետ «հաշտեցման» առնչությամբ Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Կարսի պայմանագրի հիմնահարցերի անընդմեջ վերարծարծումը: Կասկածից վեր է, որ «հաշտեցման» գործընթացում հայկական կողմը թուրքական հետ բանակցություններում հիմք է ընդունելու արձանագրությունների տեքստը, այլ ոչ թե դրանց դրույթների հնարավոր մեկնաբանությունը:
Հետեւաբար ելնելով արձանագրությունների խոցելիությունից, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Կարսի պայմանագրի հարցերում Թուրքիայի զիջելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամության մասին ի լուր աշխարհի անընդմեջ հայտարարելու եւ արձանագրություններում բացարձակապես չհիշատակվող այդ հարցերը շարունակ վերարծարծելու դեպքում ընդդիմությունը սեփական ենթադրությամբ հայ հասարակության ենթագիտակցության մեջ կամա թե ակամա ամրապնդում է զիջումների անխուսափելիությունը, բթացնում է ազգային հարցերում հայ ժողովրդի զգոնությունը, դրանց առնչությամբ իշխանություններին արհեստականորեն հակադրում է հասարակության, իսկ սփյուռքահայերինՙ հայաստանաբնակ հայրենակիցների դեմ, հայությանը պառակտում եւ Հայաստանի ապագայի նկատմամբ անվստահություն է սերմանում ժողովրդական զանգվածների մեջ: Ավելին, ընդդիմությունը դրանով միաժամանակ օրինականացնում է Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Կարսի պայմանագրի առնչությամբ թուրքական պահանջները եւ Թուրքիայի տալիս է այդ պահանջները մասսայականացնելու հնարավորություն, որպեսզի նա միջազգային հնչեղություն հաղորդի դրանց, Հայաստանի դեմ հետագա օգտագործման հաշվարկներով:
Հայ-թուրքական հարաբերությունները ազգային խնդիր են Հայաստանի համար: Փոխանակ նախապայմանների առաջադրման դեպքում թուրքական կողմի հետ բանակցությունների դադարեցումը պահանջելու, ընդդիմությունը հայաստանյան իշխանություններից պահանջում է նախապայմաններ առաջադրել Թուրքիային: Ակնհայտ է, որ առաջադրման դեպքում թուրքական կողմը կմերժի նախապայմանը: Դա կհանգեցնի հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի ձախողմանը: Մեծ տերություններն իսկույն կհայտարարեն Հայաստանի պատճառած հիասթափության մասին: Ձախողման պատասխանատվությունն անխուսափելիորեն կընկնի հայկական վրա: Այսպիսով Հայաստանը կդառնա միջազգային ուժերի ճնշումների թիրախ: Վերջիններս ինքնաբերաբար հավասարության նշան կդնեն դեռեւս 1991-ից հայկական կողմին նախապայմաններ առաջադրելու միջոցով հայ-թուրքական հարաբերությունները փակուղու առջեւ կանգնեցրած Թուրքիայի եւ ուժերի լարման գնով թուրքական նախապայմաններին 18 տարի շարունակ դիմակայող Հայաստանի միջեւ:
Հետեւաբար իշխանություններին որեւէ պահանջ ներկայացնելիս պետք է հաշվի առնել հաշտեցման գործընթացի ձախողման պատասխանատվությունից խուսափելու Հայաստանի հնարավորությունները, միջազգային ուժերի ճնշումներին միայնակ դիմակայելու եւ տարածաշրջանում մեկուսացման սպառնալիքն ինքնուրույն չեզոքացնելու նրա կարողությունները, առանց, իհարկե, մոռանալու հայ հասարակության վրա իշխանություններին հասցեագրված մեղադրանքների հոգեբանական ազդեցության մասին:
Այս ամենը ոչ միայն կասկածի տակ է դնում ընդդիմության հակազդեցության նպատակահարմարությունը, այլեւ առաջացրած մի շարք հարցականներով դա դարձնում է միանգամայն տարակուսելիՙ գոնե Հայաստանի ազգային շահերի համար, որովհետեւ ծայրահեղ բնույթի այդ հակազդեցության հիմքում լարվածության հավելյալ պաշար ստեղծելու եւ դրանով հայաստանյան իշխանություններին ճնշման ենթարկելու, ինչպես նաեւ ճնշումը համահայկական դարձնելու համար սփյուռքին Հայաստանի դեմ տրամադրելու հաշվարկներն են: Դրանք միանգամայն համընկնում են Իսրայելից ուղղորդվող ԱՄՆ-ի հրեական կառույցների միջոցով թուրքական պետության իրականացրած առաջադրանքների հետ: Ակնհայտ է, որ անհրաժեշտության դեպքում ընդդիմության ներքին ճնշումները կհամադրվեն միջազգային ուժերի արտաքին ճնշումների հետ, համադրման պայմաններում կսահմանափակվի իշխանությունների գործունեության ոլորտը, նրանք կզրկվեն խուսանավելու հնարավորությունից եւ Հայաստանը ստիպված կհայտնվի զիջողի դերում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
«ԱԶԳ», 10-10-2009
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment