Saturday, October 10, 2009

ՀՅԴ-ն կգնա իշխանափոխության, եթե այլ ելք չմնա

«Անկախ» 9-10-2009- «Մեզ համար իշխանափոխությունը նպատակ չէ, բայց այն կարող է դառնալ միջոց` մեր հիմնական խնդիրը լուծելու¸ և եթե մեզ հասցնեն այդ միջոցը կիրառելուն, մենք այն կկիրառենք»¸- ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկ րոպե լռությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակը խմբովի հարգելուց հետո սկսած հանրահավաքի ժամանակ: Հովհաննիսյանը հիշեցրեց¸ որ իրենք դեմ չեն սահմանների բացմանը: «Մենք դրան չենք դեմ¸ մենք այս ստորացուցիչ նախապայմաններին ենք դեմ¸ որոնք արդեն պայմաններ են»¸-ասաց նա` ավելացնելով¸որ մեր իշխանությունները պարզապես կարգին չեն էլ բանակցել ու «ոչ» ասելու ուժ չեն ունեցել: Հանրահավաքին մասնակցում էին ՀՅԴ-ի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկած 11 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ասաց¸ որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի բոլորի փոխարեն հարց լուծելու ու փաստաթղթեր ստորագրելու: «Հայաստանի ոչ մի զիջում չունի Թուրքիային անելու¸ դեռ 1¸5 միլիոնի ստանալիք ունի»¸- հայտարարեց նա: ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը միասնական լինելու կոչ արեց և ՀԱԿ-ին էլ խորհուրդ տվեց միանալ իրենց¸ քանի որ միասնական ուժերով հնարավոր կլինի հաղթահարել այս իրավիճակը: «Թե չէ իշխանության մեջ արդեն կռիվներ են գնում¸ թե ով է լինելու այն մաքսատան պետը¸որը լինելու է հայ -թուրքական սահմանին»¸-ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով ¸որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ցուցարարների շարքերում է: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ դիմեց իշխանություններին. «Եթե պարտադրանք կա (նկատի ունենալով միջազգային ուժերից)¸ ասեք¸ժողովուրդը կկանգնի ձեր թիկունքին¸որ չզիջեք»: Ժողովուրդն էլ բազմահազարանոց ծափերով հաստատեց իր համաձայնությունը: Ռուստամյանը տեղեկացրեց¸ որ «Ոչ»-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմների 16-ին ժամը 18:00-ին Ազնավուրի անվան հրապարակում` Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Ժամը 19:00-ին մեկնարկած հանրահավաքը տևեց մոտ 2 ժամ¸ որի ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը և «Գոյամարտ» կուսակցության ղեկավար Սերգեյ Ղազարյանը: Դաշնակցական Սահակ Սահակյանի հեղափոխական երգերով հավաքված մոտ 10 հազարի հասնող բազմությունը բռնեց ետդարձի ճամփան: Մարիա Կարաթորոսյան

No comments: