Երեկ երեկոյան, հոկտեմբերի 9-ին, Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի բասկետբոլի դահլիճում, ավելի քան 500 հոգու ներկայությամբ, կայացավ Հայ Մշակույթի շաբաթվա առիթով կազմակերպված բովանդակալից մի ձեռնարկ: Յուրաքանչյուր ոք, ով ներս էր մտնում միության սրահ նախ եւ առաջ շշմում էր տեսնելով Ս. Մեսրոպ Մաշտոցի հսկա արձանը, որն իրանահայ արժանի որդի` բեմահարդար Հայկ Խաջավյանի ձեռքի ու մտքի գործն էր
Ծրագիրն սկսվեց Տերունական աղոթքով, ապա բացման խոսքով հանդես եկավ միության Մշակութային բաժանմունքի պատասխանատու տկն. Վալորիկ Ամիրյանը:
Տկն. Ամիրյանը բարիգալուստ մաղթելով ներկաներին հակիրճ բացատրություն տվեց Հայ Մշակույթի շաբաթվա եւ հայ գրերի գյուտի կարեւորության մասին, ապա բեմ հրավիրեց օրվա բանախոս` «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր պրն. Մովսես Քեշիշյանին:
Բանախոսն իր խոսքերում ասաց. «Մշակույթը մեզ մոտ սովորաբար ավելի շուտ բացատրվում է իր հոգեւոր հասկացողությամբ` մտքով ու երգով, այդ իսկ պատճառով դրա հիմնական սիմվոլն է համարվում Մեսրոպյան ոսկեղնին` հայոց այբուբենը: Սակայն իրականությունն այն է, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի հավերժական գյուտի գաղտնիքը միայն նրա գրային, հնչյունային հարստության մեջ չէ, այլ այն անգնահատելի հատկության, որով հայ մշակույթը կարողացավ ստեղծել իր ինքնուրույնությունն ու անկախությունը»:
Մ. Քեշիշյանը այնուհետ հանգամանորեն բացատրեց մշակույթի եւ նրա կարեւորության մասին, շեշտեց, որ «ցանկացած ժողովրդի մշակույթը նրա կյանքի բարձրակետն է, նրա հիշողության ուղն ու ծուծը» եւ նամանավանդ կարեւորեց Ազգային մշակույթի դերը ժողովուրդների կյանքում: Նա ասաց. «Իսկ չէ? որ Հայ ժողովուրդը իր ավելի քան չորսհազարամյա պատմության ընթացքում առանձնապես ոչ ռազմական հզորություն է ունեցել, ոչ էլ տնտեսական, այդ դեպքում նա որ ուժով է դիմակայել դարերի ու հազարամյակների ընթացքում իրեն պարտադրված զանազան թշնամական ասպատակություններին»:
Բանախոսը շեշտեց, որ. «Ազգային մշակույթը միշտ էլ յուրաքանչյուր երկրի անկախությունն ու պետականությունը ձեւավորող-հաստատող, ռազմավարական նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկն է եղել, կա եւ կլինի: Ինչպես` հացը, ջուրը, ճանապարհը»:
Նա հավելեց. «Այդ կարեւոր փաստին միշտ էլ հավատացած են եղել ոչ միայն սեփական մշակույթին սիրահար ժողովուրդները, այլ նաեւ վայրագ ու բռնակալ ցեղերն ու թագավորությունները: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր նվաճող, արշավանքից ու զավթումից հետո, շտապել է անմիջապես ոչնչացնել նվաճված տարածքի հոգեւոր ինքնությունը եւ աոաջին հերթին ձեռնամուխ է եղել տվյալ ազգի մշակույթի ոչնչացման: Իսկ երբ հուսահատվել է այդ գործում, սուրն ի ձեռ կոտորել է նվաճված ազգին ու հետայնու աշխատել է հողի վրայից վերացնել զոհի քաղաքակրթության կանգուն փաստերը, կոթողները, եկեղեցիները, տաճարները եւ բոլոր այն ամենը, ինչ կարող են վկայել հողի իսկական տիրոջ մասին:
Հիշենք Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում ու Վրաստանում, երեկ եւ այսօր, հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման համար ի գործ դրվող թրքական ու վրացական ահռելի աշխատանքների մասին: Դեռ բոլորիս հուշերում թարմ են ազերի զորքի ձեռքով Նախիջեւանում միջազգային մշակութային արժեք համարվող հայոց խաչքարերի վայրենաբարո ոնչնչացումը»:
Բանախոսն, նշելով մերօրյա պայմանների մասին, ասաց. «Թեեւ այսօր զորքի փոխարեն քաղաքականությունն է կռվում, սակայն մի բան բոլոր ժամանակների համար էլ մնում է նույնը` եթե ուզում ես հիմնավորապես կործանել որեւէ երկիր, կործանիր նրա ազգային մշակույթը»:
Մ. Քեշիշյանն իր ելույթի մի այլ բաժնում ասաց. «Մշակույթը թեեւ սկսվում է այբ-ով սակայն նրա ավարտը ֆէ-ն չէ, այլ միտքը, գործը, վարքն ու քաղաքականությունը: Մշակույթի պատկերը ոչ միայն թղթի մեջ պիտի փնտրել այլ առօրյա կյանքի բոլոր անկյուններում»: Նա հավելեց. «Մշակույթ ասելով, ես կուզենայի շեշտել նաեւ հարցի մյուս երեսը, որն է մարդկային հարաբերությունը որպես մշակույթ: Դա լինի մարդու եւ կնոջ, ծնողի եւ զավակի, միության պատասխանատուի եւ անդամի, պետական գործիչի եւ քաղաքացու եւ ընդհանրապես հավաքական գործի մեջ տիրող հարաբերության մասին, որը նույնպես կոչվում է հավաքական գործի մշակույթ»:
Նա ասաց. «Մշակույթը մարդկային կյանքի հատուկ հատկանիշն է, որի մասին աշխարհահռչակ Կոնֆեսիուսը, բողոքելով, գրել է. «Ասունի եւ անասունի տարբերությունը շատ քիչ է, բայց ոմանք այդ քիչն էլ արդեն մի կողմ են նետել»:
Մ. Քեշիշյանն ասաց. «Դուք երեւի լսել եք, մի ինչ-որ պետպաշտոնյայի խոսքերը, որ ասել է «Դու գիտե՞ս ես ով եմ, իմ դեմ խաղ չկա», իսկ կան նաեւ ուրիշներ, որ բացեիբաց անտեսում, արհամարհում են մարդկանց: Ես ուզում եմ շեշտը դնել այս վերջին կետի վրա: Պետք է իմանալ եւ ընդունել, որ եթե գործիչը` պետական կամ միութենական, չհարգի ժողովրդին, ապա ժողովուրդը նաեւ վարվելու է այդպես` մարդիկ չեն հարգելու միմյանց: Իսկ ուրիշները ոչ այդ միությանը, ոչ այդ ժողովրդին եւ ոչ էլ այդ պետության»:
Այնուհետ բանախոսը զրույցը հասցրեց մերօրյա դեպքերին: «Հիշեցնեմ ավելի թարմ մի օրինակ. Ստորագրվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրություն: Ոչ ոք չգիտեր դրա բովանդակության մասին, ապա բերում են քննարկումի, խորհրդակցության, նույն ժամանակ ասում են, որ արձանագրությունների կետերը փոփոխության ենթակա չեն: Այդ դեպքում էլ ի՞նչ խորհրդակցություն, ի՞նչ քննարկում: Արդյո՞ք նման մի վերաբերում կարելի է տեսնել, սովորական նորմերով կառավարվող, որեւէ այլ երկրում, դեռ չեմ խոսում զարգացած երկրների մասին: Ներող կլինեք բայց նման դեպքերը միայն կարող են մեզ մոտ ու մեր նմանների մոտ պատահել: Եթե չպիտի փոփոխության ենթարկվեր, ուրեմն սկզբից քննարկում կատարվեր, եթե նպատակահարմար չէր, ապա նախաստորագրումից հետո լիներ, իսկ եթե` ո՛չ տեղյակ ենք, ո՛չ էլ փոփոխության է ենթակա, էլ ինչո՞ւ եք քննարկման մասին խոսում, միանգամայն հանրաքվեի դրեք, որպեսզի իմանաք ինչ է ասում ժողովուրդը, ոչ թե մի քանի հոգու հավաքեք ու ասեք սա է Սփյուռքը ու դեռ էդ մի քանի անձի տեսակետն էլ չհարգեք»,-ասաց բանախոսը եւ հավելեց. «Պետք է ընդունել, որ այսօր մեր գիտելիքները եւ մշակույթը, մարդկային հարաբերության իմաստով, շատ ավելի տկար են քան մեր միջոցները եւ դա շատ վտանգավոր է: Երեւի բոլորդ եք լսել այն առասպելի մասին, որ «ամեն մի հայ մի իշխան է իր համար», որ «հայերը չեն ենթարկվում իրար», որ «անմիաբան են», բայց դրանցից եւ ոչ մեկը ճիշտ գնահատական չէ: Ինչո՞ւ, որովհետեւ եթե հայ երիտասարդին չի կարելի համոզել հենց այնպես, որովհետեւ նա ընդունակ է, որովհետեւ ընթերցում, ուսանում է, բարդ գործիքներով է աշխատում, ահա նրան ինչպե՞ս կարող է համոզել մի «մերկ թագավոր»:
Նա եզրակացրեց. «Հեղինակությունն է, որ կարող է միացնել ժողովրդին, հեղինակությունն է որ կարող է իր ճիշտ խոսքով ու գործով ի մի բերել մարդկանց, ճիշտ եւ արդար նպատակի շուրջ: Այլապես թերեւս ավելի լավ է ամեն մի հայ լինի մի իշխան, մինչեւ մի նոր թագավոր ծնվի»:
Մ. Քեշիշյանը վերջում շնորհավորեց Մշակույթի շաբաթվա առիթով եւ կոչ արեց բոլորին հավատալ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» գաղափարին եւ հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Ապա բեմ դուրս եկան «Րաֆֆի» համալիրի «Մեղեդի» երգչախումբը, ղեկավար` տկն. Զարուհի Ենգոյան, «Անի» պարախումբը, պարուսույց` տկն. Էլգա Մինասյան, Ասմունքողներ Ժոզեֆ Ամիրյանը, Անի Նազարյանը, Արգիշտի Աղաջանյանն ու Մեղեդի Բուդաղյանը, որոնց ներկայացումները մեկիկ մեկիկ շատ բարձր գնահատվեց ներկաների կողմից:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment