Sunday, October 18, 2009

«Թարաֆ». «Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը հնարավորություն է տալիս թուրքերին ազատվել սեփական անտրամաբանական վախից»

«Անկախ» 16-10-2009- Թուրքական մամուլն անդրադարձել է Բուրսայում Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման արդյունքին և 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների հեռանկարին: «Միլիեթ»-ն իր առաջին էջում «Հաղթեց խաղաղությունը» խորագրով հոդվածում գրում է,-«Միթե կարևոր է ֆուտբոլային հանդիպման արդյունքը: Կարևորն այն է, որ հաղթեց խաղաղությունը: Բուրսայում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների խաղը կմտնի պատմություն որպես մեծ քայլ` երկու երկրների միջև խաղաղության ճանապարհին»: «Մենք ֆուտբոլ չենք խաղում, մենք պատմություն ենք կերտում»,- այսպես է վերնագրել «Հուրիեթ»-ն իր խմբագրականը. «94 տարի անց Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին խաղաղության արձանագրություններ, որոնց հավանություն տվեց Բուրսայի մարզադաշտում հավաքված երկրպագուները, մինչև Թուրքիայի խորհրդարանը կհաստատի այն»: «Թարաֆ» թերթում հոդվածագիր Ահմեդ Ալթանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը «փոխվում է». «Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել: Անկարան խաղաղություն է կնքում սեփական ժողովրդի, սեփական պատմության ու հարևանների հետ: Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում, երբ հնարավորություն է ստեղծվում ձերբազատվել սեփական անտրամաբանական վախից»,- գրել է Ալթանը: Հայտնի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդն էլ «Փոսթա» թերթում զգուշացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացը շատ դժվար է լինելու. «Մենք ուզում ենք մեկ դար տևած թշնամությունը դնել մեկ կողմ…կարծում եմ, որ հայերի հետ խաղաղության հաստատման գործընթացը զուգորդվի ընդհատումներով, նոր զարգացումներով և անհավանական սցենարներով:Գործընթացը դժվար է լինելու, սակայն եթե նույնիսկ տարիներ պահանջի` վստահ եմ, որ հասնելու ենք արդյունքների»,- գրել է նա:

No comments: