Saturday, October 17, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 16-10-2009 - «Իհարկե դա այդպես է», հոկտեմբերի 16-ին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք ինքն էլ համաձայն է կարծիքին, որ հայ-թուրքական գործընթացը պարտադրանքով առաջ է մղում ԱՄՆ կառավարությունը: Դավիթ Շահնազարյանը նշել է, որ թե ԱՄՆ կառավարությանը, թե միջազգային հանրությանն ընդհանրապես անհրաժեշտ է Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորում: Բայց Շահնազարյանը, որ ավելի կողմ է հենց Հայաստան-Թուրքիա, քան հայ-թուրքական հարաբերություն հասկացության օգտագործմանը, ասում է, որ ստորագրված արձանագրություններից Հայաստան-Թուրքիա հարաբերությունը չի կարգավորվելու, այլ լարվելու է ավելի: Կոնգրեսի ներկայացուցչի խոսքով, Թուրքիան շատ շուտով կրկին անցնելու է իր բառապարաշին, հիշեցնելու է նախապայմանների մասին, Հայաստանի իշխանությունն էլ փորձելու է ինչ որ կերպ արձագանքել, եւ փոխադարձ լարվածությունն ավելի է մեծանալու: Ըստ Դավիթ Շահնազարյանի, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունը մինչեւ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը թերեւս ավելի քիչ էր լարված, քան դրանից հետո: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը ընդհանրապես սխալ է համարում, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունը կարգավորվում է միջնորդների առկայությամբ: Նա ասում է, որ Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելու հարցում միջնորդ պետք չէր:

No comments: