Saturday, October 17, 2009

Բնազդային հաշվեհարդար

Ադրբեջանում վերջերս տեղի է ունեցել իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի' «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հավաքը, որի ժամանակ Հայաստանը ներկայացվել է իբրեւ ագրեսոր երկիր: Հավաքին մասնակցել են իսլամական երկրների մշակույթի նախարարներ, որոնք գրեթե բոլոր զեկույցներում նշել են, թե իբր Հայաստանն է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ոչնչացնում իսլամական համաշխարհային մշակույթի հուշարձանները»: Ինչպես նշում է արեւելագետ Արաքս Փաշայանը' 1992թ.-ից ի վեր ամեն տարի այս հավաքներին ընդունվում է 24 կետից բաղկացած բանաձեւ, որտեղ «Հայաստանի գործողությունները Ադրբեջանում որակվում են իբրեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: Մինչդեռ իրականությունն այլ է: Իբրեւ դրա վկայություն' հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մի քանի փաստ բերեց Նախիջեւանի տարածքում ադրբեջանցիների կողմից իրականացված հայկական հուշարձանների ջարդի մասին: Ընդամենը մի քանի տարի առաջ Ջուղայում կար 218 եկեղեցի: Այժմ այդ հուշարձաններից ոչ մեկը կանգուն չէ. պետական ծրագրերով բոլորը ոչնչացվել են: «Ջուղան հայկական մշակույթի վերջին արարն էր' հայ մշակույթից նախիջեւանյան հողը թոթափելու, ձերբազատվելու համար»,-ասաց հուշարձանագետը' ավելացնելով, որ եթե հայ ժողովուրդը գոյություն չունենար, մեր հուշարձաններին ոչ ոք մատով չէր դիպչի: Այս կարծիքին է նա եկել' համեմատություններ անցկացնելով Թուրքիայում պահպանված բյուզանդական կայսրության հուշարձանների հետ: Դրանք, ըստ նրա' պահպանվել են, քանի որ կայսրությունն այլեւս գոյություն չունի: «Հիմա, քանի որ հայկական հուշարձանների տերը կա, ադրբեջանցիները վախենում են տիրոջ գոյությունը փաստող նյութական մշակույթի այդ հուշարձաններից, եւ հաշվեհարդարը դրանց նկատմամբ ուղղակի բնազդային մակարդակի վրա է»,- ավելացրեց նա:

No comments: