Monday, October 26, 2009

ԿԱՐՍ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

«Լրագիր» 26-10-2009- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, հիմա էլ վավերացման դեմ ծավալված քաղաքական պայքարը, որ զանազան ակտիվությամբ եւ տարբեր անկեղծությամբ իրականացնում են քաղաքական մի քանի տասնյակ ուժեր, իրականում վեր հանեց շատ ավելի մեծ վտանգ, քան հայ-թուրքական հարաբերության առկա գործընթացն իր բոլոր մտահոգիչ դրույթներով: Ավելի մեծ վտանգն այն անտարբերությունն է, որ կա հայ հասարակության մեջ ազգային խնդիրների հանդեպ վերաբերմունքի առումով: Խնդիրն այն չէ, որ հասարակությունը պետք է հազարներով դուրս գար փողոց, հարյուր հազարներով դուրս գար փողոց եւ պահանջեր իշխանության հրաժարականը: Ամենեւին ոչ: Ամենեւին էլ այդպես չէ, որ հասարակությունը պետք է ցույց տար իր հետաքրքրվածությունն առկա գործընթացի հանդեպ: Հասարակության անտարբերությունը չի արտահայտվում նրանով, որ մարդիկ, քաղաքացիները, դեմ դուրս չեկան արձանագրությունների ստորագրմանն ու ընդհանրապես գործընթացի շարունակությանը: Բանն այն է, որ մարդիկ կողմ էլ “դուրս չեկան”: Այսինքն, հասարակությունը թե դեմ չէր, թե կողմ չէր: Սա է անտարբերությունը, երբ հանրության, շարքային քաղաքացիների վերաբերմունքը, իրական կարծիքն այդպես էլ հայտնի չդարձավ: Այդպես էլ չիմացվեց, թե ինչ է մտածում շարքային քաղաքացին, հասկանո՞ւմ է նա արդյոք վտանգները, որ կան, եւ եթե հասկանում է, ապա դրանք վտանգ համարո՞ւմ է, թե ոչ: Գուցե շարքային քաղաքացու համար իսկապես որեւէ վտանգ չկա, եթե ցեղասպանության, հայ-թուրքական սահմանի ճանաչման, նույնիսկ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը որոշ զիջումներ անի հանուն տնտեսական հնարավորությունների, որ կարող են լինել թուրքերի հետ բարիդրացիական հարաբերության դեպքում: Ինչ է մտածում այդ ամենի մասին հասարակությունը: Դա է, որ այդպես էլ պարզ չդարձավ, ու հասարակությունն էլ կարծես որեւէ կերպ չփորձեց որեւէ մեկին ցույց տալ, որ ինքն էլ կարծիք ունի այդ կապակցությամբ: Մյուս կողմից, հասարակությունն իր կարծիքը ներկայացնում է համապատասխան կառույցների` հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, իշխանությունների միջոցով: Ինչ արեցին այդ ինստիտուտները, որ հանրային հնարավորինս լայն կարծիք ուրվագծվի հայ-թուրքական հարաբերության հարցում: Թող էլի արձանագրությունները ստորագրվեին, թող էլի վավերացվեն, թող էլի հայ-թուրքական ջերմացման գործընթացը շարունակվի այնպես, ինչպես կա: Բայց գոնե պարզ լիներ, թե ինչ է մտածում այդ ամենի մասին 3 միլիոնանոց Հայաստանը, թե ի վերջո ում մտածածն է իրականություն դառնում` այդ Հայաստանի, թե իշխանության: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերության հարցը կարող է լինել նախադեպ, երբ իրադարձությունները զարգանում են մի ուղղությամբ, որի վերաբերյալ հասարակական կարծիքն անհայտ է: Առաջին հայացքից թվում է, թե քանի որ այդ հարաբերությունը զարգացնում է ոչ լեգիտիմ, այսինքն չընտրված իշխանությունը, ուրեմն հասարակական կարծիքը բացասական է: Սակայն դա մոլորություն է, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանությունը կարող է անել քայլեր, որոնք հասարակությանը դուր կգան, ճիշտ կթվան: Իսկ այն անզիջում հանրային կեցվածքը, այն սեւ-սպիտակ դիրքորոշումն արդեն անցյալում է, եւ պետք չէ ակնկալել, որ այդպիսի հնարքներով իշխանությունը չի կարող մեղմել հասարակության բացասական վերաբերմունքն իր հանդեպ: Լավ էլ կարող է, որովհետեւ հենց միայն այն, որ հանրությունն ամենեւին էլ չի նեղվում իր կարծիքի այդօրինակ անտեսումից, վկայում է, որ հանրության համար սեփական կարծիքն իշխանությանը կամ հասարակական-քաղաքական մյուս կառույցներին պարտադրելն այդքան էլ կարեւոր խնդիր չէ, քանի որ կան ավելի կարեւոր խնդիրներ, որոնք կլուծվեն Թուրքիայի սահմանը բացելով` Անթալիա գնալը ավելի կէժանանա, ապրանքները կէժանանան, կարելի կլինի արդեն թուրքական ջինսը ոչ թե Երեւանի այսինչ տոնավաճառից գնել, այլ մի քիչ չալարելու դեպքում գնալ եւ այդ ջինսը ավելի էժան գնել Կարսի տոնավաճառից` համ էլ պատմական հայրենիքը կտեսնեն: Թերեւս այդ իրավիճակն է ամենից մեծ վտանգը, որ դրսեւորվում է հայ-թուրքական հարաբերության ներկայիս գործընթացի շնորհիվ: Ու թերեւս ավելի ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերն այդ գործընթացի դեմ բռունցքներն անիմաստ թափահարելու փոխարեն, սկսեն լրջորեն մտածել ու քննարկել հենց այն, թե ինչու է այդ ամենն անիմաստ դարձել Հայաստանի Հանրապետությունում: Ով ինչով է պատասխանատու հանրային այդ ինքնագիտակցության ձեւավորման համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: