Panorama.am. 16-10-2009- Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների ստորագրումից հետո համաշխարհային մամուլը մեծ ուշադրություն է դարձնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, և այդ համատեքստում առաջնային նշանակություն ունեն հնչող մեկնաբանություններն ու գնահատականները:
Ողջունելի է, որ միջազգային լրահոսում թյուրընկալումներն ու անորոշությունները բացառելու նպատակադրմամբ, առկա զարգացումների առնչությամբ պարզաբանումներ են տալիս արտերկրի հայ փորձագետներն ու տևական ժամանակ այս խնդիրները հետազոտությունների նյութ դարձրած մասնագետները:
ԱՄՆ-ում, մասնավորապես, նման աշխատանք են կատարում Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչները, ովքեր համապատասխան աշխատանքներ են տանում և համագործակցում են ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների հետ:
Այսպես, «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» (The Wall Street Journal) հանդեսը, Արձանագրությունների ստորագրման վերաբերյալ հրապարակմանը զուգահեռ ներկայացրել է նաև ԱՀՀ խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանի հետ հարցազրույց, ով մասնավորապես ասել է. «Սա Թուրքիայի խիզախության թեստ է` հասկանալու համար, թե արդյոք նա այս գործընթացում անկե՞ղծ է: Մենք ակնկալում ենք, որ սահմանները կբացվեն առանց որևէ նախապայմանի»:
«Նյու Յորք Թայմզ»-ն (The New York Times) իր հրապարակման մեջ նշել է, որ ԱՄՆ-ում բնակվող առավել ազդեցիկ և անկուսակցական հայրենադարձները` «ներառյալ Հայկական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի և Արևելյան Ամերիկայի թեմերը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Վարդանանց ասպետները» և Ամերիկայի հայկական համագումարը», սատարում են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը: «Հաշվի առնելով Թուրքիայի պահվածքը, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելը, նրանցից շատերը կասկածամիտ են, սակայն հույս ունեն, որ այս գործընթացը կարևոր քայլ է»,- հաղորդագրության համաձայն` գրել է «Նյու Յորք Թայմզ»-ը:
Թերթը նաև հայտնել է հիշյալ կազմակերպությունների հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության մասին, որտեղ աջակցություն է հայտնվել Հայաստանի իշխանությունների քաղաքկանությանը: Միևնույն ժամանակ ամերիկյան հեղինակավոր թերթը տեղեկացրել է, որ ԱՀՀ-ն շարունակում է գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և համարում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ չպետք է ազդի այն բանի վրա, որ Միացյալ Նահանգները ճանաչեն Հայոց ցեղապսանության պատմական փաստը:
Նույն խնդրի առնչությամբ ԱՀՀ գործադիր տնօրենը ԱՄՆ Կոնգրեսի թերթին` «Հիլլ»-ին (The Hill) տված հարցազրույցում ասել է. «Մենք, ամեն դեպքում, աշխատելու ենք Կոնգրեսի անդամների հետ, որպեսզի առաջ տանենք ճանաչման հարցը: Այս առումով ոչինչ չի փոխվել: Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ հարաբերությունների կարգավորման պատանդ»:
Բրայան Արդունին հիշեցրել է մի շարք աշխարհահռչակ հայերի` հոկտեմբերի 9-ին տարածած բաց նամակի մասին, որով Շառլ Ազանվուրը, Արթուր Չիլինգարովը, Էդուարդո Էռնեկյանը, Հրայր Հովնանյանը, Ժան Ժանսեմը, Արմեն Ջիգարխանյանը, Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Սերժ Չուրուկը, Ալեն Թերզյանը, Ռուբեն Վարդանայնը ևս աջակցություն են հայտնել Հայաստանի իշխանություններին, սակայն նշել են, որ «այդ գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալն ու կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման անհրաժեշտությունը»:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment