Tuesday, October 20, 2009

Ադրբեջանում հայ-թուրքական կարգավորման դրական ազդեցությունն արդեն զգացվում է

Panorama.am-19-10-2009 -Հայ-թուրքական կարգավորման գործընթացն արդեն իսկ դրական է ազդում Ադրբեջանի սոցիալ-քաղաքական վիճակի վրա: Պարզվում է` Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրությունների ստորգրման փաստը ստիպել է Ադրբեջանի իշխանություններին` հիշել երկրում օրենքների գոյության ու դրանց իրականացման անհրաժեշտության մասին: «Բաքվում և Ադրբեջանի տարբեր շրջաններում օտար երկրների, այդ թվում թուրքական դրոշները հանելու փաստերը կապված չեն վերանորոգման կամ այլ աշխատանքների հետ», այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական վարչության պետ Ալի Հասանովը` նշելով, որ դա «Ադրբեջանական հանարպետությունում օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների դրոշների կիրառման կարգի մասին» օրենքն իրագործելու հետևանքն է: «Պարզվել է, որ օտարերկրյա պետությունների դրոշոները բարձրացվում են օրենքով չնախատեսված վայրերում, ուստի սկսել ենք դրանք հավաքել: Այսուհետ Ադրբեջանական հանրապետությունում օտար երկրների դրոշները կփակցվեն միայն օրենքով նախատեսված վայրերում»,- ասել է Ալի Հասանովն ու նշել, որ «օրինազանց» դրոշների տեղն ու քանակը ճշտելու և դրանք հանելու կարգադրությունն արդեն իսկ տրված է: Ալի Հասանովի տեղեկացմամբ, օտար երկրների և միջազգային կառույցների դրոշները թույլատրված են միայն դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում և բարձրաստիճան դիվանագետների կեցավայրում: Մյուս դեպքերում դրանք անօրինական են և ենթակա են վերացման: Չնայած Ալի Հասանովի պնդումներին, ակնհայտ է, որ այսկերպ Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը և օրերս տեղ գտած «դրոշների սկանդալին» բանական հիմնավորում տալ: Հիշեցնենք, որ Բուրսայում Ադրբեջանի դրոշի նկատմամբ արգելքի կիրառումից հետո, Բաքվի իշխանություններն, իրենց հերթին, պատասխան քայլն էին արել. նախ` թուրքական պետական խորհրդանիշները հանել էին «շահիդների պուրակ» կոչվող տեղանքից, ապա` ստիպել էին նույնն բան անել նաև Ադրբեջանում գործող բոլոր թուրքական ընկերություններին: Այսօր որևէ մեկը կասկած չունի, որ Ադրբեջանում թուրքական դրոշների նկատմամբ իրականացվող բոյկոտը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումներով:

No comments: