«Լրագիր» 15-10-2009 - Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը տպավորիչ էր մի քանի առումներով, բայց ամենատպավորիչը թերեւս տեղի ունեցավ ոչ թե մարզադաշտում, այլ տրիբունաներում: Եվ խոսքն ամենեւին էլ թուրք ֆուտբոլասերների սուլոցների մասին չէր, որ լսվում էին Հայաստանի օրհներգը նվագելիս: Դա թերեւս պետք է ինչ որ տպավորություն թողներ Հայաստանի այն պաշտոնյաների ու քաղաքագետների վրա, որոնք սիրում են Հայաստանի հասարակությանը համոզել, թե թուրք հասարակությունը սկսել է փոխվել, թե թուրք հասարակությունում ինչ որ քննարկումներ է հնարավոր անել եւ վերանայել տալ վերաբերմունքը պատմության հանդեպ: Գրանտներով իհարկե կարելի է փոխել շատ բան, բայց երբ գրանտը ավարտվում է, ավարտվում են նաեւ “փոփոխությունները”:
Տպավորիչը, ամենատպավորիչը, այն ուրախությունն էր, որ Սերժ Սարգսյանը “ապրեց” Թուրքիայի հավաքականի առաջին գոլից հետո: Եթե Սերժ Սարգսյանը ձեռք չմեկներ եւ չշնորհավորեր Աբդուլլահ Գյուլին, ապա կարելի էր կարծել, որ պարզապես Սերժ Սարգսյանն այնքան էր հուզված, որ մի պահ շփոթել էր Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականներին ու կարծել, թե գոլը մերոնք են խփել: Բայց Գյուլի հետ ձեռքսեղմումը վկայեց, որ Սերժ Սարգսյանը շատ լավ էլ գիտեր, որ գոլը խփել են թուրքերը: Եվ հենց այդ առումով էլ չափազանց զարմանալի էր նրա անզուսպ ուրախությունն ու ակնթարթային շնորհավորանքը Գյուլին: Առավել զարմանալի էր այն ֆոնին, որ Սերժ Սարգսյանը խաղից առաջ կարճատեւ հանդիպում էր ունեցել Հայաստանի հավաքականի տղաների հետ ու նրանց մարզական հաջողություն էր մաղթել: Խաղի ընթացքում իհարկե հայ ֆուտբոլիստները չտեսան իրենց հաջողություն մաղթած նախագահի ուրախությունը, բայց հետաքրքիր է, թե ինչ կմտածեն նրա մաղթանքի մասին նրանք, երբ տեսնեն տեսագրությունն ու Սերժ Սարգսյանի ուրախությունը: Արդյոք ֆուտբոլիստները չեն համոզվի, որ իրենք եւ իրենց հաջողությունը թերեւս նախագահին այս պահին չեն էլ հետաքրքրում, պարզապես քարոզչական քայլ է` անում է:
Իսկ ինչի համար էր անում Սերժ Սարգսյանն այն ուրախությունն ու ոգեւորությունը, որ նա ցույց տվեց Թուրքիայի հավաքականի գոլից հետո: Դժվար է ասել: Մի բան թերեւս աներկբա է` Սերժ Սարգսյանը բնականաբար չէր կարող անկեղծորեն ուրախանալ Թուրքիայի խփած գոլի եւ հաղթանակի համար: Դա իհարկե այդպես չէ: Բայց ինչ կարիք կար այդպես ցուցադրական ուրախանալու: Արդյոք մանթրաժն էր պատճառը, թե պարզապես լավ առիթ էր Գյուլին դուր գալու համար: Համենայն դեպս տեսարանը բավական անդուր էր: Սովորաբար, ֆուտբոլային խաղերին հետեւող նախագահները շատ զուսպ են պահում իրենց, եթե խաղին հետեւում են իրենց գործընկերների հետ, առավել եւս, եթե գոլ են խփում հակառակորդ թիմի խաղացողները: Կարելի էր իհարկե դեմքին ժպիտ տալ եւ շնորհավորել Թուրքիայի նախագահին, առավել եւս, որ թուրքերն իսկապես շատ ավելի լավ էին խաղում, քան մեր թիմը, կամ պարզապես թուրքերը խաղում էին, քան մեր թիմը: Բայց ժպիտն ու գրեթե քրքջոցը տարբեր բաներ են:
Ավելին, Սերժ Սարգսյանին թերեւս հարկ էր այնպիսի դեմք ընդունել եւ այնպիսի կեցվածք, ամբողջ խաղի ընթացքում, այն բանից հետո, երբ հայկական օրհներգը արժանացավ սուլոցի, որ Թուրքիայի նախագահն ամբողջ խաղի ընթացքում անհարմար զգար իրեն, երկրպագուների այդ պահվածքի համար: Մինչդեռ նա արեց մի բան, որից կարծես թե ավելի անհարմար զգացին հայ երկրպագուները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment