Monday, October 19, 2009

Գյուլը նորից խոսեց ԼՂ-ի մասին

A1+ 19-10-2009- «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նկատելի առաջընթաց է արձանագրվել»,- այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը թուրքական TRT 1 հեռուստաալիքի «Քաղաքական բացահայտում» հաղորդման ուղիղ եթերում: Պատասխանելով լրագրողների' Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկա հարաբերություններին վերաբերող հարցին, Գյուլը ասել է, թե երկկողմ հարաբերությունները շարունակում են ընթանալ նորմալ հունով. «Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,-ասել է Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ցանկությունը ակտուալ է դարձրել արդեն մոռացված հայ-ադրբեջանական հակամարտությունը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այժմ նկատելի է առաջընթաց»,-հայտարարել է Գյուլը, սակայն չի մանրամասնել, թե այն ինչումն է կայանում: Թուրքիայի նախագահի տեղեկացմամբ, այդ տեսակետը կիսում են նաեւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Նա նաեւ կարեւոր է համարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ իր հեռախոսազրույցը, որի ժամանակ ի թիվս մի քանի հարցերի խոսվել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Ալիեւը տողատակով սպառնաց Թուրքիային Մի քանի օր է , ինչ թուրքական մամուլը բարձրաձայնում է ադրբեջանական հասարակության' Թուրքիայի նկատմամբ խիստ բացասական տրամադրվածության մասին: Թուրքական «Todays Zaman» պարբերականի տեղեկացմամբ, Բաքվում մի շարք հաստատություններից, միջազգային կազմակերպությունների շենքերից հանվել է թուրքական դրոշը: Բարկության հողի վրա ադրբեջանցիները դրոշը հանել են նույնիսկ 1918 թվականին Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարում զոհված 1.130 թուրք զինվորների հուշահամալիրի վրայից: Իսկ Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ը հատուկ ժողով է գումարել եւ Անկարայից պահանջել ընդհանրապես խորհրդարանում չքննարկել հայ- թուրքական արձանագրությունները: Բաքվից էլ նրանք պահանջել են միանշանակ հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամի հարցում իր մաս հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բաքվում նա հայտարարել է, որ Ադրբեջանը արդեն երկու տարի է իր գազ չի կարողանում արտահանել Եվրամիության երկրներ, քանի որ մինչ օրս Թուրքիայի հետ որոշված չեն տարանցիկության հարցերը: « Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը արդեն երկար տարիներ Թուրքիային գազ է մատակարարում համաշխարհային գների մեկ երրորդի կամ 30 տոկոսի չափով: Ո՞ր երկիրն է իր ռեսուրսները վաճառում 30 տոկոսով, մանավանդ, ներկա պայմաններում եւ գոհ մնում»,- հարցադրել է Ալիեւը եւ հավելել, թե դա դուրս է գալիս տրամաբանության շրջանակներից: Ալիեւի խոսքով, Բաքուն մտադիր է գազը Թուրքիայի վաճառել գոնե 8-10 տոկոս զեղչով, բայց ոչ ավելի: Շվեյցարիան քննարկում է Բաքվի հետ Թուրք- ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուն ուղղված մի քանի քայլեր արդեն Անկարայում ձեռնարկում են: Անմիջապես ֆուտբոլային խաղից հետո Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը շտապ կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Որոշ տեղեկություններով, այստեղ նրան փորձել են պարզաբանել, թե ինչու չեն թույլ տվել, որ Բուսայի մարզադաշտում ծածանվի ադրբեջանական դրոշը: Հանդիպումից հետո, արդեն տեղեկացվել է, թե դեսպանի հետ քննարկել են հոկտեմբերի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի'Բաքու այցի մանրամասները: Ի դեպ, նշենք, որ այսօր Բաքու է մեկնել Հայաստանի արտգործնախարարության պատվիրակությունը: Իսկ նախօրեին Շվեյցարիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որտեղ այլ հարցերի շրջանակում նա շվեյցարացի իր պաշտոնակից Հանս Ռուդոլֆ Մերցի հետ քննարկել է նաեւ Շվեյցարիայի դերը կովկասյան տարածաշրջանում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին հենց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել հայ- թուրքական արձանագրությունները:

No comments: