«Լրագիր» 19-10-2009- Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունը իսկապես հետաքրքիր է զարգանում: Մի պահ նույնիսկ թվում է, որ այդ երկրներն իրարից իսկապես են դժգոհ: Այսինքն, Թուրքիան դեռ կարծես թե դժգոհ չէ, դեռ կարծես թե համբերում է ի պատասխան Ադրբեջանի քայլերի, ասենք Շահիդների ծառուղուց թուրքական դրոշները հանելու կամ թուրքական իշխանության առաջին դեմքերի նկարները այրելու ձեւով: Թուրքիայի համբերությունը սակայն կարծես թե հատում է, եւ թուրքերը ԱԳՆ են հրավիրել Ադրբեջանի դեսպանին:
Սակայն ընդհանուր առմամբ Թուրքիան համբերում է եւ փորձում է հանդարտ համոզել Ադրբեջանին, որ Հայաստանի հետ հարաբերությունը նրա շահին վնաս չէ եւ որ Թուրքիան այդ հարաբերության հարցում Ադրբեջանի շահը չի ոտնահարում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Նուրսուլթան Նազարբաեւը՝ Ղազախստանի նախագահն է փորձում Ադրբեջանին ինչ որ բանում համոզել, ասելով, թե հայ-թուրքական հարաբերությունը պարզապես պետք է բացատրվի Ադրբեջանին:
Այսինքն, ստացվում է, որ Ադրբեջանին մեղադրում են, անուղղակի իհարկե, ինչ որ բաներ չհասկանալու համար: Հետաքրքիր է, թե ինչ չի հասկանում Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերության հարցում: Չի հասկանում, որ ինքն այդ հարցում օգտվելու որեւէ շանս չունի, թե չի հասկանում, որ գալու է նաեւ իր օգտվելու ժամանակը, պարզապես այդ մասին բարձրաձայն չեն ասում, որ Հայաստանը հանկարծ հետ չկանգնի գործընթացից: Համենայն դեպս, եթե Նազարբաեւն է արդեն հարկ համարում խոսել այդ մասին, կնշանակի հայ-թուրքական գործընթաց կոչվածն իրականում բավական ընդգրկուն մի ծրագիր է, որը հետաքրքրում է նաեւ հայ-թուրքական սահմանից հեռու գտնվող Ղազախստանին անգամ:
Այդ պարագայում թվում է, թե ուղղակի անհնար է, որ հայ-թուրքական հարաբերության խնդիրը Ղազախստանին վերաբերվի, իսկ Ղարաբաղին՝ ոչ: Այդ դեպքում սակայն թվում է, որ Ադրբեջանը պետք է հասկանար ու հանգիստ լիներ, որ հերթը հասնում է Ղարաբաղին: Բայց Ադրբեջանը ցույց է տալիս անհանգստության նշաններ: Ինչն է խնդիրը: Գուցե այն, որ Ադրբեջանը լավ էլ հասկանում է պրոցեսի էությունը, պարզապես փորձում է դրանում իր կշիռը բարձրացնել իր դժգոհությամբ եւ մուննաթով: Իսկ այն, որ Ադրբեջանին ի պատասխան դրա ոչ թե ուղարկում են գրողի ծոցն, այլ ինչ որ բաներ են փորձում համբերատար բացատրել, վկայում է, որ այդ կշիռը կարող է իսկապես բարձրանալ: Այսինքն, հայ-թուրքական հարաբերության հարցում ի վերջո հանդարտվելով, Ադրբեջանը կարող է որոշակի քարտ-բլանշ ստանալ այլ հարցերում, այդ թվում եւ Ղարաբաղի հարցում: Եվ ինչքան Ադրբեջանը դժգոհի, այդքան գուցե ստանա լայն քարտ-բլանշ: Թերեւս հենց այդ մարտավարությունն է իրականացնում Իլհամ Ալիեւը:
Դա իհարկե ռիսկային է, քանի որ երբեք չգիտես, թե որ աստիճանի դժգոհության վրա կվառվես: Այսինքն, երբեք չես կարող ասել, թե աշխարհը մինչեւ ինչ մակարդակ կփորձի պայմանավորվել, եւ որ մակարդակից պարզապես գրողի ծոցը կուղարկի Ադրբեջանին եւ վերջ: Այնպես որ, աներկբա է, որ Ալիեւի դժգոհությունն ինչ որ պահի ընդհատվելու է: Բանն ուղղակի այն է, թե ինչ է ստանալու դրա դիմաց Ալիեւը: Կամ կստանա շատ բան, կամ կկորցնի ամեն ինչ:
Բայց, մյուս կողմից, շատ հավանական է, որ աշխարհը Իլհամ Ալիեւին հենց ավանսով թույլ տվեց ցմահ նախագահության հնարավորություն ստանալ: Նրան գուցե թույլ տվեցին այդ բանը, որ ինքն էլ, ժամանակը երբ գա, հասկանա «հայ-թուրքական» գործընթացի նրբերանգները: Խնդիրը պարզապես այդ դեպքում այն է, որ Ադրբեջանն է գրեթե անում այն, ինչ պետք է որ աներ Հայաստանը, եթե ոչ նույն չափով, ապա գոնե նույն տրամաբանությամբ: Ադրբեջանը պարզապես չի փորձում հանձնվել առկա գործընթացին, անձնատուր լինել եւ թույլ տալ, որ իր հետ վարվեն այնպես, ինչպես ուզում են: Ադրբեջանը փորձում է ընդդիմանալ որոշ բաների, ակնկալելով ստանալ ավելին, քան հնարավոր է, քանի որ գուցե հասկանում է, որ նվազագույնը կստանա անկախ իր կամքից էլ:
Նույնը չես ասի Հայաստանի մասին: Հայաստանը լիակատար անձնատուր է եղել «հայ-թուրքական» գործընթացին եւ լիովին բավարարվել այն 30 տոկոսով, որի մասին խոսում են իբր հայաստանյան տնտեսության շահ: Մնացյալը Հայաստանի իշխանությանը կարծես թե չի էլ հուզում, եւ այդ իշխանությունը չի էլ փորձում ինչ որ հարցերում դժգոհելով կամ ընդդիմանալով բարձրացնել սեփական կշիռն այդ պրոցեսի մեջ: Հայաստանը պատրաստ է նույնիսկ սեփական դարպասը խփած գոլից հրճվել, միայն թե իրեն հասկացող համարեն, միայն թե համարեն նորովի մտածող, նախաձեռնող եւ ակտիվ:
Բնական է, որ աշխարհը Հայաստանին որեւէ բան բացատրելու կարիք չի էլ տեսնի: Ինչ բացատրես, եթե այդ երկիրը պատրաստ է առանց հասկանալու անել այն, ինչ կասեն: Դրա համար էլ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում «գոյություն չունեցող» Ադրբեջանի անունը տրվում է գրեթե նույնքան, իսկ գուցե եւ ավելի, ինչքան գործընթացի «ուղղակի» մասնակից Հայաստանինը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment