Saturday, October 17, 2009

Սփյուռքը իրավունք ունի միջամտել, քանի որ առաջացել է Ցեղասպանության եւ հողերի բռնազավթման հետեւանքով

News.am- 16-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայտնի արձանագրությունների (որոնք ի վերջո ստորագրվեցին Ցյուրիխում, եւ որին լուրջ հետեւում էր հսկիչի դերը ստանձնած՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը) վերաբերյալ վերջերս տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշ շրջանակների ներկայացուցիչների կողմից կարեւոր հարց էր բարձրացվել, թե իրավունք ունե՞ն արդյոք Սփյուռքի ներկայացուցիչները միջամտել Հայաստանի գործերին, եթե նրանք հանրապետության քաղաքացի չեն,- գրում է Կիպրոսի «Gibrahayer» հայկական պարբերականի վերլուծաբան Ժան Իփջյանը։ Իփջյանը պնդում է, որ միայն երկրի նախագահը եւ Հայաստանի կառավարությունն են իրենց վրա կրում սեփական քաղաքացիների պատասխանատվությունը, որոնց կողմից իրենք ինչ-որ ձեւով ընտրվել են։ Բայց դա չէ կարեւորը։ Հայերը այնպիսի ազգ են, որի ներկայացուցիչներն արտասահմանում ավելի շատ է, քան բուն պետությունում, եւ որոնց Սփյուռք են անվանում։ Բայց, ի տարբերություն այլ նմանատիպ դեպքերի, հայ համայնքը իր հայրենիքի հետ շատ նեղ հոգեւոր կապ ունի։ Դա այդպես էր նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ։ Խորհրդային Միության կառավարությունը ստեղծել էր հատուկ գերատեսչություն, որը զբաղվում էր Սփյուռքով եւ հայրենիքի հետ նրա կապերով։ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին՝ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որի արդյունքում զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ, եւ քաղաքներն ու գյուղերը հավասարվեցին հողին։ Այդ ժամանակ Սփյուռքը իր հայրենիքին հնարավորին չափ օգնություն ցուցաբերեց, իսկ այն ժամանակվա երկրի ղեկավարները լավ օգտվեցին այդ հանգամանքից։ Ավելի ուշ, ԼՂ-ի հակամարտության ժամանակ, Սփյուռքը նորից օգնության հասավ եւ երկրի ղեկավարությունը եւս մեկ անգամ մեծ հաճույքով օգտվեց դրանից։ Հայաստանի եւ Սփյուռքի հայերի ճնշող մեծամասնությունը հույս են փայփայում, որ իրենց ճակատագիրը եւ բարեկեցությունը կախված են հայրենիքի եւ Սփյուռքի փոխհարաբերություններից, քանի որ հայերը ազգային ինքնության պահպանման խնդիր ունեն իրենց երազի իրագործման համար՝ իրենց հայրենիքի մյուս հատվածըմի գեղեցիկ օր տեսնել ազատագրված եւ իրենց վերադարձված։ Այսօր այդ գաղափարը երազանք է թվում։ Բայց բանն այն է, որ եթե 20 տարի առաջ որեւէ մեկը ասեր, թե անկախ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ քննարկել հայ-թուրքական հարբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, նման մարդուն անհուսալի մի երազող կհամարեին։ Գրեթե մեկդարյա վաղեմություն ունեցող ցավալի դեպքերից հետո Սփյուռքում հայկական կազմակերպությունները առանց հոգնելու աշխատել են այն բանի վրա, որ Ցեղասպանության փաստը ճանաչվի միջազգային մակարդակով։ Արձանագրությունների ստորագրումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ողջ հայությանը։ Հայկական Սփյուռքն իրավունք ունի միջամտել, քանի որ Թուրքիայի կողմից իր երկրի զավթման արդյունքն է, քանի որ Ցեղասպանություն վերապրածների հետնորդն է, եւ քանի որ Հայաստանը իր հայրենիքի մի մասն է ընդամենը…"։

No comments: