Saturday, October 17, 2009

Բուրսայում հայ լրագրողների վրա քարեր են նետել ադրբեջանցիները

Tert.am. 16-10-2009- Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ հայ լրագրողներով ավտոբուսի վրա հարձակումը նախաձեռնել և իրականացրել են հիմնականում 18-20 տարեկան ադրբեջանցիներ, ովքեր քարեր են նետել մեքենայի վրա: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը, ով Թուրքիայից նոր է ժամանել Երևան: Նա մի շարք այլ հայ լրագրողների հետ եղել է Թուրքիայում թուրք գործընկերների հետ համատեղ «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի սեմինարներին: Ըստ հեռուստահաղորդավարի` ընդհանուր ֆոնին մարդկանց այդ խումբը տարբերվում էր ագրեսիվ տրամադրվածությամբ: Հայ լրագրողների մի մասը ոտքով է կտրել մարզադաշտ տանող ճանապարհի մի մասը, իսկ մյուսները ժամանել են ավտոբուսով: Նրանք, ովքեր ոտքով են անցել, ամբոխում աննկատ են մնացել: Ըստ Ղազարյանի` այն, որ հայ լրագրողներին այդպես ընդգծված կերպով բերեցին ավտոբուսով, ավելի է սադրել հավաքվածներին: «Այդ հարցում թուրքական կողմը սխալ է թույլ տվել»,- նշել է հեռուստահաղորդավարը: Թուրքիայում սեմինարի մեկ այլ մասնակից, թուրքագետ, «Ազգ» թերթի վերլուծաբան Հակոբ Չակրյանը լիովին չի կիսել գործընկերների կարծիքը: Ըստ վերջինիս` սադրիչների մեջ կարող էին լինել ոչ միայն ադրբեջանցիներ, այլև թուրքերը, որոնք տարբերվում էին իրենց ֆանատիզմով: Այս համատեքստում նա նշել է, թե համապատասխան շահագրգիռ շրջանակներին հեշտ է լարել անհրաժեշտ ալիքի: Փորձագետը նաև անդրադարձել է մարզադաշտում տիրող ընդհանուր տրամադրություններին: «Մարզադաշտում տիրում էր լարված մթնոլորտ»,- նշել է Հակոբ Չակրյանը` հավելելով, որ թուրք երկրպագուները ծափողջույններով էին դիմավորում իրենց հավաքականի ցանկացած գործողություն: Չակրյանը նաև նշել է, որ մարզադաշտում թուրք լրագրողները փորձում էին շեղել իր ուշադրությունը թուրք ֆուտբոլասերերի գոռում-գոչյուններից՝ իմանալով, որ ինքը թուրքերենի է տիրապետում:

No comments: