Thursday, October 15, 2009

Ֆաթիհ Թերիմին դուր չի եկել «քաղաքական լրագրողի» հարցը

Tert.am. 15-10-2009- Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղից (2։0) հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտարարել է, որ իր հեռանալը զբաղեցրած պաշտոնից չի քննարկվում. «Ես Բելգիայի հետ հանդիպումից հետո պարզ հայտարարել եմ, որ հեռանալու եմ, և այդ հարցը չի քննարկվում։ Ինչ վերաբերում է իմ համագործակցությանը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ապա այն շարունակվելու է մինչև վերջ։ Թուրք ժողովուրդը ցանկանում էր տեսնել իր հավաքականն Աշխարհի առաջնությունում, սակայն այսպիսին է արդյունքը, և մենք այսքանը կարողացանք անել։ Մենք շատ ավելի հետ ենք մեր ցանկություններից։ Նման բաներ պատահում են։ Ամենածանրը ֆուտբոլիստներից բաժանվելն է։ Դա երևի ամենածանրը կլինի ինձ համար։ Թե այստեղ ու թե Երևանում խաղերը շատ հետաքրքիր էին։ Մենք փորձեցինք առավելապես ընկերական մթնոլորտ ստեղծել, որովհետև դա շատ կարևոր էր բոլորին հայտնի իրադարձությունների ֆոնին»։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Թերիմը համընկեցրել էր իր հրաժարականը՝ պատմական այս հանդիպման հետ, մասնագետն ասաց. «Կարծում եմ, դուք քաղաքական լրագրող եք. ես իմ կյանքում ոչինչ չեմ համընկեցնում»։ Իսկ ահա այն հարցին, որ Թերիմը արդեն երկու անգամ գլխավորել է ազգային հավաքականը ու կարելի՞ է արդյոք սպասել Թերիմի երրորդ վերադարձին, նա ասել է. «Միգուցե, ժամանակը ցույց կտա»։

No comments: