«Ազատւթյուն» 9-10-2009- Հինգշաբթի օրը կեսգիշերին մոտ Քիշնեւում ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական` այս տարի արդեն հինգերորդ հանդիպումը:ԼՐԱՑՎԱԾ
Հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահները զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները:
«Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում
Հանդիպումից հետո Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել է, որ այն կառուցողական էր, եւ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հավելել է, որ նախագահները կետ առ կետ անցել են միջնորդների ներկայացրած փոփոխություններով եւ նոր լրացումներ են արել:
Նախագահները պայմանավորվել են նորից հանդիպել եւ արտգործնախարարներին հանձնարարել են նոր հանդիպում կազմակերպել, որի ժամանակ ներկայացված կլինեն արդեն Մադրիդյան սկզբունքները նորացված տարբերակով` իրենց իսկ լրացումներով:
Փաստաթղթի հիմնական սկզբունքները, ըստ ամերիկացի համանախագահի, մնում են ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը:
Նորանշանակ համանախագահ Բրադկեն նշել է նաեւ, որ հինգշաբթի օրը առաջին անգամ է միասին տեսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին:
Լրագրողները փորձել են պարզել, թե ինչ փոփոխությունների եւ լրացումների մասին է խոսքը, սակայն համանախագահները այս հարցերին չեն պատասխանել:
«Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում: Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ - թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում:
Ուրբաթ օրը Քիշնեւում կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` «հանդիպման ընթացքում
քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացին վերաբերող հարցեր»:
Հանդիպման վերաբերյալ մանրամասներ նախագահի մամլո գրասենյակից չեն փոխանցում:
Մոլդովայի մայրաքաղաքում, որտեղ այս օրերին անցնում է ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովը, Ղարաբաղի հարցին է անդրադարձել նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ասել է, որ հայ - թուրքական զարգացումները կապ չունեն Ղարաբաղյան խնդրի հետ, եւ սրանք երկու զուգահեռ գործընթացներ են::
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment