«Ազատւթյուն» 9-10-2009- Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանի շենքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվելու է երկու դիվանագիտական փաստաթուղթ, որոնք հնարավորություն են տալու երկու երկրներին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ պայմաններ ստեղծել մինչեւ տարեվերջ սահմանները բացելու համար:
Ստորագրման արարողությանը ներկա է գտնվելու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկացի անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի, Ցյուրիխ կժամանեն նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան եւ Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարարը:
«Սա ընդամենը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման, հարաբերությունների բարելավման ճանապարհին մի քայլ կլինի, չափազանց կարեւոր քայլ, բայց՝ ոչ երբեք ճանապարհի վերջը», - կարծիք է հայտնել շվեյցարացի վերլուծաբան Վինսենթ Լանդենը:
Իսկ Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի Թուրքիայի նախագծի տնօրեն Օմեր Տասպինարը փաստաթղթերի ստորագրումը «այս գործընթացի ամենադյուրին մասն» է համարում:
Արձանագրություններից մեկը, հիշեցնենք, երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն է վերաբերում, մյուսը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Դրանք ուժի մեջ կմտնեն միայն խորհրդարանական վավերացումից հետո: Բայց նկատի ունենալով ստորագրման արարողությանը աշխարհի գրեթե բոլոր զորեղների ներկայությունը, հարկ է նշել, որ այս գործընթացի միջնորդները եւ հովանավորները նույնպես շահագրգռված են, որ այս երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատվեն:
Հրայր Թամրազյան, Ցյուրիխից
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment