«Լրագիր» 19-10-2009 - Հայաստանի պաշտոնյաների դեմքի հետ կապված իրադարձությունները վերջին շրջանում բավականին մեծ ուշադրություն գրավեցին իրենց վրա: Շատերին օրինակ հետաքրքրեց, թե ինչ գործ ուներ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այտերի հետ ԵԽ հանձնակատար Խավիեր Սոլանան, կամ ինչու էր արտգործնախարարը հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս այդքան լուրջ, կամ էլ թե ինչու էր այդպես հրճվում Սերժ Սարգսյանը, երբ Հայաստանի հավաքականին Թուրքիայի հավաքականը գոլ էր խփում: Այդ փաստերը հիմք տվեցին շատերին դատողություններ անել այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում Հայաստանի վիճակի մասին, որը, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չէ, եթե Հայաստանի պաշտոնյաների դեմքի հետ կատարվում են գրեթե բոլորի համար զարմանալի բաներ:
Բայց մյուս կողմից միգուցե չարժե անել հեռուն գնացող հետեւություններ: Միգուցե այդ ամենն իսկապես ապաքաղաքական փաստեր են, այսինքն որեւէ կապ չունեն քաղաքականության հետ: Օրինակ, Խավիեր Սոլանան գուցե վաղուց էր սպասում Էդվարդ Նալբանդյանի այտերի հետ հայտնի կոնտակտին, պարզապես առիթը ներկայացավ Ցյուրիխում, քանի որ այլ պարագայում դա անելը շատերը սխալ կընկալեին: Կամ, գուցե Էդվարդ Նալբանդյանը դիտավորյալ էր Ցյուրիխում այդքան լուրջ ու մռայլ, որ աշխարհը չմտածի, թե մեզ համար հայ-թուրքական հարաբերություն դասավորելով մեր հանդեպ մեծահոգություն կամ մեզ լավություն է անում: Գուցե Սերժ Սարգսյանը Հայաստանի հավաքականի դարպասն ուղարկած գնդակից իսկապես հրճվում էր գոլի կամ խաղի գեղեցկությունը գնահատելու պատճառով:
Համենայն դեպս, պետք չէ մեր Հայաստանի պաշտոնյաների դեմքի արտահայտությունը կամ դեմքի շփումները այլոց ձեռքերի հետ, կապել քաղաքական գործընթացներին: Նույնիսկ այդ մասով Հայաստանի իշխանությունը երեւի թե դրանց մասնակից չէ: Ու գուցե դրա համար էլ մենք տեսնում ենք անհասկանալի, իրականում պարզապես անհամարժեք դեմքի արտահայտություններ եւ շփումներ այլոց ձեռքերի հետ: Պարզապես Հայաստանի իշխանությունը թերեւս անկեղծորեն փորձում է հասկանալ, թե ինչն է բանը, ինչի մասնակից է ինքը եւ ինչ հեռանկար կա առջեւում: Դրա համար էլ երբ պետք է ժպտալ` մռայլ են, երբ պետք է մռայլվել կամ զուսպ լինել` քահ-քահ ծիծաղում են: Պարզապես Հայաստանի իշխանությունը չի կարողանում որսալ ակնթարթը, պահը, ու միշտ կամ հետ է ընկնում ժամանակից, կամ առաջ:
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների դեմքերը թերեւս միայն այն դեպքում են լինում իրավիճակին համարժեք, երբ խոսքը վերաբերում է անձնական եւ բիզնես հարցերին, երբ պետք է տնտեսական քվոտաներ բաժանվեն, կամ երբ պետք է որոշվի, թե ով է դառնալու ասենք քաղաքապետ, ով պատգամավոր, ով նախարար, ով մարզպետ, կամ երբ պետք է քննարկել այն ուժի կամ գործչի հարցը, որը խախտել է պայմանավորվարծությունները եւ որոշել է փոխել ճամբարը կամ ինքնուրույն որոշել իշխանական ճամբարում իր տեղն ու դերը: Այդ հարցերում, Հայաստանի իշխանության դեմքի արտահայտությունը միշտ համարժեք է իրավիճակին, որովհետեւ իրավիճակը համարժեք է իշխանության մտածողությանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment