Նա ընդգծեց, որ խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, այլ հարակից յոթ շրջանների «օկուպացումը»
Ամեն կիրակի թուրքական հանրային հեռուստատեսության առաջին ալիքով Ստամբուլից հեռարձակվում է «Քաղաքական համայնապատկեր» ծրագիրը: Դա վարում է «Միլլիեթի» հեղինակ Դերյա Սազաքը, մասնակցությամբ «Ենի շաֆաքի» հեղինակներից հայտնի լրագրող Ֆեհմի Քորուի, ինչպես նաեւ պրոֆեսորներ Մուստաֆա Էրդողանի եւ Ֆուաթ Քեյմանի: Նախանցյալ կիրակի ծրագրի հյուրն էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ուղիղ եթերում պատմել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության մանրամասները: Իսկ նախորդ օրը ծրագրին անձամբ մասնակցեց նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ի դեպ, հաղորդումն այս անգամ հեռարձակվում էր հենց «Չանքայայից»ՙ նախագահի նստավայրից: Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան Սազաքի հարցին, անդրադարձավ թուրքական վերջին նախաձեռնություններին, մասնավորապես ասաց, որ Թուրքիայի առջեւ ծառացել է երկու խնդիրՙ (PKK-ի) ահաբեկչության դեմ պայքարն ու Հայաստանի հետ հարաբերությունները: Ապա նա շարունակեց. «Ես ջանում եմ համարձակորեն լուծել այս խնդիրները, որ ապագա սերունդներին ձերբազատենք ավելորդ բեռից»:
Թուրքիայի նախագահը նշեց, որ տարածաշրջանում ստեղծվել են պատեհ առիթներ, դա հնարավոր է դարձել նախագահ Բարաք Օբամայի ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու դիրքորոշման շնորհիվ, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այս շրջանները հանձնվելու են Թուրքիայի խնամակալությանը: Նախագահ Գյուլն ավելացրեց. «Թուրքիան իրավահաջորդն է հսկա կայսրության: Եթե իրավահաջորդն էլ չլինի, 72 միլիոն բնակչություն ունի, հետեւաբար մեծ երկիր է: Ընդդիմությունը կարող է նախազգուշացնել իշխանություններին, սակայն վիրավորանք հասցնել չի կարող, որովհետեւ այդ վիրավորանքներից Թուրքիան է տուժում: Չմոռանանք, որ երկրի ներսում թույլ եւ բազում խնդիրներին բախվող պետությունները չեն կարող ազդեցիկ լինել դրսում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին եւ հայ-թուրքական նորմալացման գործընթացին, Ադրբեջանի ցուցաբերած հիվանդագին մոտեցմանը, ապա դրանց առնչությամբ նախագահ Գյուլը նշեց. «Ով, ինչ ուզում է, թող ասի, մենք մեկ ազգի երկու առանձին պետություններն ենք: Կան բաներ, որ դրանց մասին հնարավոր չէ բացահայտ խոսել: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն իրականում ենթադրում է ողջ Կովկասի նորմալացումը: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացի շնորհիվ ղարաբաղյան հիմնահարցը դարձել է աշխարհի կարեւորագույն խնդիրը: Եթե չապահովվի Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, ապա անհնար է ամբողջական կայունություն հաստատել եւ անվտանգություն ապահովել Կովկասում: Դուք կարող եք նկատել Հայաստանի հետ Թուրքիայի նորմալացման գործընթացի անդրադարձը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա: Իհարկե, խնդիրը զուտ Ղարաբաղը չէ, (այլ) Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք օկուպացված են: Քաղաքական կարեւոր զարգացումներ են տեղի ունենում այս հարցի կարգավորման շուրջը: Ղարաբաղի թեման այն հազվագյուտ խնդիրներից է, որին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն ցուցաբերում հակադիր մոտեցումներ: Թե՛ մեկը եւ թե՛ մյուսն այս հարցում կարգավորման են ձգտում եւ շարժվում են նույն ուղղությամբ»:
«Ինչպե՞ս է լինելու Ղարաբաղի ապագան» հարցին պատասխանելիսՙ նախագահ Գյուլը հիշեց ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցն ու ասաց. «Նախագահ Օբամայի հետ հեռախոսազրույցում սոսկ Կովկասով չենք սահմանափակվել: Անդրադարձել ենք Բալկաններին, Իրաքին, Աֆղանստանին: Ես նրան հայտնեցի իմ կարծիքը: Նախագահ Օբաման կարեւոր նշանակություն է տալիս Թուրքիայի տեսակետներին: Մինչդեռ Բուշը ինքնուրույն էր գործում»:
Օգտվելով առիթից, նշենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Բարաք Օբաման հարցրել է Հայաստանի հետ նորմալացման գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի մասին, իսկ Աբդուլլահ Գյուլը, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, պահանջել է, որ Ղարաբաղի հարցում նա (Հայաստանի վրա) գործադրի ԱՄՆ-ի ազդեցությունը:
Աղբյուր՝ «ԱԶԳ, 20-10-2009
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment