Thursday, October 15, 2009

ՄԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կամ ֆուտուրիստական պիես երեք գործողությամբ Գործող անձինք. Հիլարի – գեղեցիկ կին, որը նյարդայնանում է Մոնիկա բառից Միշլեն – Հիլարիի գործավարուհին, նույնպես գեղեցիկ կին Սերգեյ – Հիլարիի ոչ մի բանը, բարձրահասակ տղամարդ, որը ոմանց կողմից մեղադրվում է հայ լինելու մեջ Բեռնար – Հիլարիի կառապանը Խավիեր – Հիլարիի բարձրահասակ, բարեկիրթ ադյուտանտ Սամուել Զբոգար – չպատճառաբանված արտահաստիքային պերսոնաժ այլ պիեսից Էդուար – անհարմար վիճակում հայտնված պերսոնաժ Ահմեդ – սմայլիկ Զանգվածային տեսարանում – հուսահատ լրագրողներ Գործողություն առաջին Գործողությունը տեղի է ունենում հույժ գաղտնի հյուրանոցի Հիլարիի հարկաբաժնում: Հիլարին գեղանի դիրքով թիկն է տվել փափուկ բազմոցին Հիլարի – Միշլեն, սուրճ տվեք, խնդրում եմ: Միշլեն – Ալպենգոլդո՞վ, միսս: Հիլարի – Ոչ, կաթով: Լսվում է դռան թակոց: Ներս է մտնում կարմրատակած Էդուարը: Նրան տեսնելով Հիլարին վեր է թռչում: Հիլարի – Ի՞նչ եք անում այստեղ, Էդուար, Դուք պետք է համալսարանում լինեիք: Էդուար – Միսս Հիլարի, Ահմեդը փորձում է խաբել ինձ: Հիլարի – Բայց դա ի՞նչ կապ ունի, Էդուար, չէ՞ որ մենք պայմանավորվել էինք: Էդուար – Բայց միսս Հիլարի… Առանց դուռը թակելու աննկատ ներս է խցկվում Սերգեյը, որին նրբագեղ շարժումներով փորձում է կանգնեցնել Բեռնարը: Հիլարի – Բեռնար, ձիերին կերակրե՞լ եք, հնարավոր է այսօր մենք երկարատեւ մաքոք ունենանք: Սերգեյ, սիրելիս, Էդուարն անտրամադիր է: Սերգեյ – Գիտեմ, ես հենց նոր հեռագիր ստացա Կրեմլից: Ահա, խնդրեմ՝ “Հույժ գաղտնի: Էդուարը տխուր է, Ահմեդը ժպտում է, պարզեք ինչ է կատարվում”: Էդուար – Ահմեդը փորձում է արտասանել Ղարաբաղ բառը… Միջանցքից լսվում է ուժեղ աղմուկ, դուռը բացվում է եւ ներս է ընկնում Խավիերը: Բոլորի համար անպատեհ հայտնվում է նաեւ Սամուել Զբոգարը: Բոլորը զարմացած նայում են Զբոգարին, բայց այնուամենայնիվ համակերպվում են: Խավիեր – Հիլարի, Էդուարը տխուր է: Հիլարի – Գիտեմ, Խավիեր, ահա նա: Խավիերը մոտենում է Էդուարին եւ փորձում սփոփել նրան ձեռքերի նրբագեղ շարժումներով: Ներս է մտնում Միշլենը սուրճի ու կաթի սկուտեղը ձեռքին: Հիլարի – Միշլեն, Էդուարի համար դառը սուրճ բերեք, մյուսներին կաթ: Միշլեն – Միգուցե կաթով Ալպենգո՞լդ: Սամուել Զբոգարը եռանդուն շարժումներ է անում Միշլենի ուղղությամբ: Բոլորը զարմացած նայում են նրան ու անմիջապես համակերպվում: Սերգեյ – Էդուար, մենք հասկանում ենք Ձեզ, բայց չէ՞ որ պետք է ստորագրեք: Վերցրեք այս երկտողը, ստորագրելուց պետք կգա: Էդուարը մռայլվում է երկտողը կարդալիս: Բոլորն ուզում են ծանոթանալ երկտողի բովանդակությանը: Էդուարը թաքցնում է այն: Բեռնար – Միսս, ձիերը կուշտ են եւ հանգստացած: Ահմեդին բերե՞մ այստեղ: Հիլարի – Ոչ, նրա ժպիտն ինձ նյարդայնացնում է: Սերգեյ – Դա ժպիտ չէ միսս, դա նրա դեմքի արտահայտությունն է: Խավիեր – Միգուցե մինչեւ ստորագրելն Ահմեդին պլաստիկ վիրահատությա՞ն ենթարկենք: Էդուար – Այո, այո, շատ լավ կլինի: Այդ պահին դռան անկյունից շողում է Ահմեդի դեմքը: Ահմեդ – Իսրայելո՞ւմ պետք է վիրահատեն: Էդուար – Բայց մենք նրանց հետ էլ առանձնապես հարաբերություն չունենք: Միշլեն – Եթե միսս Հիլարին դեմ չէ, մենք ձեզ այստեղ սենյակ կտրամադրենք հարաբերությունների համար: Հիլարի – Ահմեդ, ինչո՞ւ եք ուզում խաբել Էդուարին: Ահմեդ – Ես չեմ ուզում խաբել, ես միայն ուզում էի ասել “Ղարաբաղ”: Էդուար Այդ դեպքում ես էլ կասեմ Կարս, Արդահան, Երզնկա, Վան… Սամուել Զբոգար – Ես էլ կարող եմ ասել Բոսնիա, Չեռնոգորիա… Խավիեր – Միեւնույն է, Փարիզն ամենագեղեցիկն է: Բեռնար – Ձիերը կուշտ են, կարող ենք հենց հիմա բոլորս գնալ Փարիզ… Հիլարի, ակնհայտ բարկացած – Ես Փարիզի համար հանդերձներս չեմ վերցրել: Ոչ մի Փարիզ: Բոլորս գնում ենք ստորագրելու: Էդուար, Ահմեդ, իսկ դուք ոչինչ մի ասեք, մյուսներն ինչ որ բան կասեն, Խավիեր, միգուցե դո՞ւք: Խավիեր – Իսկ ինչո՞ւ ես: Սամուել Զբոգար – Քանի որ լրագրողները շատ են, ես վերջապես կուզեի բացատրել Սլովակիայի ու Սլովենիայի տարբերությունը: Բոլորն անհամբեր նայում են Զբոգարին եւ համակերպվում: Պիեսի հաջորդ երկու գործողությունները դեռ տեղի են ունենալու: Աղբյոէր՝ «լրագիր» 15-10-2009

No comments: