Tuesday, October 20, 2009

Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգը կներկայացնի երրորդը

Panorama.am-19-10-2009- «Մանկական «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգը ներկայացնելու է երրորդը: Մինչ նրա ելույթը երգելու են Շվեդիայի, ապա Ռուսաստանի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացանք «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2009» մանկական երգի մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչում Լուարա Հայրապետյանի երգն ընտրվել է հեռուստադիտողի հաղորդագրությունների և ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: 11-ամյա Լաուրա Հայրապետյանը ծնվել է 1997 թվականին Աստրախանում: Մինչև 4 տարեկանը նա այցելել է վոկալի, բալետի դասընթացների, իսկ 7 տարեկանում հաճախել է երաժշտական դպրոց, ուսումնասիրել է փոփ-երաժշտություն: Հայաստանի ապագա քաղաքացին հիմնական ժամանակն անցկացնում է Կապանում` հաճախելով սաքսոֆոնի, վոկալի ու պարի դասընթացների: Նա 5 տարեկանից սկսած տարբեր մրցույթներում և փառատոներում ներկայացրել է Հայաստանն ու Ռուսաստանը: Նա արդեն թողարկել է 4 ալբոմ, երազում է դառնալ ջազ երգչուհի: Լ. Հայրապետյանն ու իր եղբայրը ֆուտբոլի մեծ երկրպագուներ են, ֆուտբոլ են խաղում իրենց բակում ընկերների հետ: «Մանչեսթր-Յունայթեդ» ու «Բարսելոնա» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ նրանց ամբողջ ընտանիքը տեղից վեր է թռել ու գոռացել «Բարսելոն», ինչն էլ դարձել է նրա երգի գլխավոր կարգախոսը: Լուարա Հայրապետյանի երգը շոու ծրագրով մրցույթի կազմակերպիչներին ներկայացվել է հոկտեմբերի 11-ին: Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Բարսելոնա» երգի գործիքավորման ու ձևավորման աշխատանքները ավարտվել են, ընտրված է նաև հագուստը, իսկ շոու ծրագրի ռեժիսորը Արտյոմ Գևորգյանն է: Երգի բեմականացումը հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու մրցույթի օրը: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2009»-ը կանցկացվի նոյեմբերի 21-ին` Կիևում: Մրցույթին մասնակցելու են 13 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Բելգիան, Կիպրոսը, Մալթան, Մակեդոնիան, Ռումինիան, Սերբիան, Հոլանդիան, Շվեդիան, Ուկրաինան: Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2009»-ին Ուկրաինան ներկայացնելու է 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

No comments: