«Լրագիր» 10-10-2009- Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ժամանակ արձանագրվեց հայ ժողովրդի պառակտման մասին խոսող եւս մեկ փաստ, որը վերջին տարիներին հայության պառակտման երկրորդ փաստը կարելի է համարել: Խոսքն ուղեւորության ժամանակ տեղի ունեցած այն միջադեպերի մասին է, որի մասին քիչ լրատվամիջոցներ խոսեցին, սակայն, որոնց արդյունքում եղան նաեւ վիրավորներ, այն էլ` հայեր:
Որպես հայ` ինձ համար ամոթալի է նույնիսկ հիշել օրերս տեղի ունեցածը, երբ Սերժ Սարգսյանին արտերկրում հայերը դիմավորեցին բողոքի ցույցերով ու նույնիսկ որոշ տեղերում քարերով, իսկ նույն երկրների ոստիկաններն էլ ցրեցին հայերի ցույցը, որի արդյունքում ունեցանք նաեւ վիրավորներ: Ամոթալին թերեւս այն է, որ հայն այցելում է արտերկիր, ու այնտեղի ոստիկանները դժգոհությունն արտահայտող հայերին ցրում են, վիրավորում: Չփորձելով խորանալ այն բանում, թե ով էր ճիշտ, ով` սխալ, պարզապես կարելի է ասել, որ այդ մարդիկ հիմքեր ունեին բողոքի ցույցեր կազմակերպելու: Իմ հիշողությամբ`վերջին երկու տասնամյակում առաջին դեպքն է սա, որ ՀՀ նախագահի այցելության ժամանակ բողոքի ցույց կազմակերպվեր ու նման հետեւանքներ ունենար, ուստի կարելի է եզրակացնել, որ հենց այնպես չէին այդ բողոքի ցույցերը, որոնց միացավ նաեւ Արամ Երկրորդը:
Ինչեւէ, սա պառակտման երկրորդ դեպքն է` այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Իսկ առաջինը եղավ թերեւս Հայաստանում` հայտնի մարտյան դեպքերի ժամանակ, երբ համարյա նույն բանը կատարվեց, իհարկե ավելի ողբերգական հետեւանքներով, բայց ոչ արտասահմանյան ոստիկանների ձեռքով, այլ հայ: Սա էլ ամոթալի է ու ոչ հարիր մեր ազգին:
Փաստորեն մենք ականատեսը եղանք Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության երկու միավորների պառակտմանը` Հայաստանում եւ Սփյուռքում: Մնում է միայն մեկը` Արցախը, որը նույնպես նախանձելի վիճակում չի գտնվում, քանի որ չկարգավորված հիմնախնդիր ունի` ոչ ցանկալի ընթացքով: Սա նույնպես համահայկական նշանակություն ունեցող խնդիր է: Եւ մտահոգիչն այս ամենում այն է, որ չի բացառվում, որ նման մի ուղեւորություն էլ` կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ, վաղը, թե մյուս օրը, կամ որոշ ժամանակ անց կկատարվի Ղարաբաղում եւ ամենեւին էլ կապ չունի, թե ով կանի դա, բայց արդյունքում հանդիպելով ղարաբաղցիների դիմադրությանը` չի բացառվում նույն մեթոդների կիրառումը` ցույցի ցրում, կրակոցներ եւ այլն: Նույնիսկ վախենում եմ մտածել, որ այդ ամենին կհետեւի ամեն գնով հարցի լուծում` առաջարկվող մադրիդյան սկզբունքներով:
Եւ արդյունքում կունենանք հայ ժողովրդի լիարժեք պառակտում, ինչն էլ մեզ կտանի կործանման: Բայց մի՞թե մենք դրա համար ենք պայքարել, մի՞թե մեր տղաները դրա համար են նահատակվել, մի՞թե մեր ժողովուրդը դրա համար է այսքան զրկանքներ կրել…
Գուցե արժե՞ մտածել այն մասին, թե նման պառակտված վիճակում ինչպե՞ս պետք է բաց սահմաններով ընդունենք մեր դարավոր թշնամուն, ինչպե՞ս պետք է դիմակայենք մեր ուղղությամբ հոսքով եկող տարբեր մարտահրավերներին:
Անահիտ Դանիելյան
ԼՂՀ քաղաքացի
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment