Saturday, October 17, 2009

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան պատրաստ է բացել իր ռազմական արխիվները

News.am- 16-10-2009- Ֆրանսիական L Express ամսագրի հարցերին է պատասխանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը անդրադարձել է հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին։ Այս մասին հայտնում է թուրքական TRT-ի կայքէջը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով թուրքական խորհրդարան ներկայացվելիք ստորագրված արձանագրություններին՝ ասել է. "Մի թուրքական ասացվածք կա` «Լավ նպատակը միշտ լավ արդյունք է տալիս։ Տա Աստված, որ բոլորը լավ նպատակներով լինեն»։ Այն հարցին թե դրսից ճնշում կա՞ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, Թուրքիայի նախագահը նշել է, որ ոչ մի ճնշում չկա, քանի որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն բերելը եւ հարեւանների հետ լավ հարաբերություններ ստեղծելը Թուրքիայի քաղաքականությունն է։ Թուրքիայի կողմից զիջումների գնալու հետ կապված Գյուլը նշել է. "Այդ կերպ մտածելը սխալ է, եւ եթե այդպես մտածենք՝ երբեք խաղաղության չենք կարող հասնել։ Հեռագնա նպատակների համար պետք է ունենալ լայն հեռանկարներ։ Իսկ «Լեռնային Ղարաբաղում դեռեւս հայկական զինուժ կա, դա Անկարայի կողմից զիջո՞ւմ է»,-հարցին, Թուրքիայի նախագահը պատասխանել է. "Մի երկրի կողմից մյուս երկրի տարածքի մի մասը զավթելը անընդունելի է։ Այդ հարցը պետք է երկխոսությամբ կարգավորվի։ Կրկնում եմ, որ մեր մտահորիզոնը պետք է ընդլայնենք, ի՞նչ է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չե՞ն կարգավորվելու։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով 1915 թվականի իրադարձություններին, ասել է. «Թուրքիան բարի կամք է դրսեւորում եւ պատրաստ է իր բոլոր արխիվները՝ այդ թվում ռազմական արխիվները, բացել։ Մենք այլ երկրներից ժամանելիք պատմաբաններին էլ, բաց պատմական հանձնաժողովին էլ այս խնդրում աշխատելու իրավունք ենք տալու եւ արդյունքներն էլ պատրաստ ենք ճանաչել եւ ընդունել»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։

No comments: