Saturday, October 17, 2009

Արմեն Ռուստամյան. «Նոր իշխանություն պետք է ձևավորվի, նոր Ազգային ժողով, նոր նախագահ, նոր կառավարություն, որ կարողանա չեղյալ հայտարարել արձանագրություն

7Օր. 16-10-2009- Եթե իշխանությունները շարունակեցին խորանալ այս գործընթացի մեջ, իրենք կամա, թե ակամա հայտնվելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում և բնականաբար մենք այդպիսի իշխանություններին հանդուրժել չենք կարող։ Այդ դեպքում իրենք պետք է հեռանան, որ գա մի ուժ, որը կարող է այդ դիմակայությունը կատարել, կարող է դիմադրել, իր ժողովրդի թիկունքն ունենալով՝ պինդ կկանգնի... Մեր նպատակն այս պահին հստակ ձևավորված է։ Այն հետևյալն է՝ տապալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն այս գնով։ Մենք սրան պետք է հասնենք ամեն գնով։ Մենք հայտարարել ենք, որ գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով։ Մենք մեր ժողովրդին արկածախնդրության չենք տանելու, մեր ամեն մի քայլը լինելու է պատասխանատու և հաշվարկված։ Ուստի, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որոնք այսօր օրենքներն ու Սահամանադրությունը և վավերացման հետ կապված ընթացակարգը մեզ թույլ է տալիս։ Վավերացման գործընթացում առաջին փուլը, որով կարելի է կանխել ընդհանրապես վավերացումը՝ Սահմանադրական դատարանն է։ Սահմանադրական դատարանը կարող է և պե՛տք է ճանաչի ոչ սահամանադրական այդ արձանագրությունները։ Մեր Սահմնադրության նախաբանում հստակ ասված է, որ հայ ժողովուրդն այս Սահամադրությունն ընդունում է՝ իր համազգային նպատակներն իրականացնելու, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրով, որն էլ շատ հստակ է սահմանել Արևմտյան Հայաստանի և հայության ցեղասպանության խնդիրը սատարելու պարտավորությունը։ Եթե Սահմանադրական դատարանը դրանք ճանաչեց ոչ սահմանադրական, այս ընթացակարգն այդտեղից էլ ավարտվում է. այլևս Ազգային ժողով չի մտնում։ Եթե դա էլ չեղավ և մտավ Ազգային ժողով, մենք պետք է ամեն պատգամավորի դուռը թակենք և բացատրենք, որ սա պարզ քվեարկություն չէ, այդպես հեշտությամբ կոճակը մի՛ սեղմի։ Եթե դա էլ եղավ և այդ արձանագրություններն ուժ ստացան, ուրեմն միակ ձևը՝ նորից միջազգային օրենքներով ընդունված, այս պայմանագիրը չեղյալ համարելն է։ Բայց ո՞վ կարող է անել այդ քայլը։ Այս իշխանությունները չեն կարող, որովհետև իրենք դա արդեն արել են։ Ուրեմն նոր իշխանություն պետք է ձևավորվի, նոր Ազգային ժողով, նոր նախագահ, նոր կառավարություն, որ կարողանա չեղյալ հայտարարել արձանագրությունները։ Մեր պահանջները շատ տրամաբանված են և կշռադատված։ Մեզ հաճախ ասում են ինչո՞ւ հրաժարական չեք պահանջում։ Դրանից հեշտ գործ չկա։ Հրաժարական պահանջենք, ասենք՝ էլ ի՞նչ եք մեզնից ուզում։ Ի դեպ, կան այդպիսիները։ Հրաժարական են պահանջել և գնացել, մի կողմում նստել են՝ իբր թե ասելով, որ թողնում են, որ մյուս ուժերն ակտիվանան։ Իսկ որ ակտիվանում են, ինչո՞ւ եք այդքան վատ զգում։ Եթե ուզում եք, որ ակտիվանան, ակտիվացել են, ուրեմն պաշտպանե՛ք։ Չէ՛, իրենք վատ են զգում, չարությամբ են լցվում։ Ի՞նչն է նպատակը։ Միգուցե հենց այն է, որ դուք ուզում եք սա տեղի՞ ունենա։ Սա տեղի ունենա, հետո գաք իշխանության ու ասեք, որ «փաստի առաջ ենք կանգնել, ի՞նչ պետք է անենք, արդեն կատարված փաստ է, պետք է շարունակենք»։ Ո՛չ։ Սրանից հետո ով եկավ իշխանության, առաջին գործը պետք է լինի չեղյալ հայտարարելը այս ամեն ինչը։ Ժողովուրդն այդպես պետք է ընտրի։ Երբ այդ ընտրությունները լինեն, եթե մենք արդեն այդ փուլում ենք հայտնվել, միայն այդ ուժին պետք է ձայն տա ժողովուրդը, ով պարզ, հստակ կհայտարարի, որ գալիս է չեղյալ հայտարարելու։ Սա է չափանիշը։ Մյուս կողմից էլ չեմ հասկանում, եթե իրենք պայքարում են և ասում են, որ սա հակաժողովրդական է, մեր ազգային շահերին դեմ է, ուրեմն ասելուց հետո պետք է պայքարեն, ոչ թե մի կողմ քաշվեն։ Այդ ի՞նչ ձևի պայքար է՝ թողնենք ընտրվեն, անցնեն, ձևակերպումներն էլ ստանան, նոր հետո ասենք՝ այս ինչո՞ւ այսպես եղավ։ Այդ ի՞նչ ձևի պայքար է, չեմ հասկանում։ Մեր խնդիրը շատ հստակ է։ Մեր պայքարն ընդդեմի պայքար չէ, մեր պայքարը հանունի պայքար է։ Մենք ասում ենք՝ մի՛ զիջիր, սա հստակ պահանջ է։ Այդ պահանջը, այո՛, դեռ հրաժարականի պահանջ չէ, բայց դա շատ տրամաբանորեն կարող է հանգել հրաժարականի պահանջի... Եթե մենք դնենք հրաժարականի հարց, հավատացնում եմ, նույն այն հավաքի մեջ, որ առաջնորդողները պետք է իրականացնեն, հարց է առաջանալու, թե հրաժարականից հետո ո՞վ է գալու այդ աթոռին նստի, ու քանդվելու է այդ ամեն ինչը։ Սա է ցույց տվել փորձը։ Մենք այդ հարցը չունենք՝ ո՞վ կգա այդ աթոռին կնստի կոնկրետ անձի համար, մենք հարց ունենք իշխանափոխությունից հետո չեղյալ հայտարարելո՞ւ է, թե՞ ոչ։ Երկրորդ, դուք գալու եք իշխանության և եթե պետք է շարունակեք այն տրամաբանությամբ, որ երկիրը զարգանալու հանար մենք պետք է անընդհատ զիջենք մեր ազգային շահերը, ոչ ոք իրավունք չունի այդպես գա և իշխանություն վերցնի։ Ազգային իշխանությունը նա է, ով գալիս է իշխանության և՛ երկրի զարգացումն է ապահովում և՛ երկրի շահերը չի զիջում։ Սա՛ է ազգային իշխանությունը։ Թե չէ ամենահեշտ ճանապարհն է՝ Ղարաբաղը տանք, հեշտ ապրենք, մեր իրավունքները զիջենք Թուրքիային, լավ ապրենք։ Այդ ի՞նչ մի մեծ խելք է պետք դրա համար։ Ամբողջ դժվարությունը միաժամանակ դա անելն է։ Հենց սրա համար է Դաշնակցությունը պայքարի մեջ մտել։ Եթե իշխանափոխություն ենք անում, այս նպատակով պետք է անենք։ Եթե մի վարչապետ ասում է, որ ինքը պատասխանատու է 3մլն հայ ժողովրդի համար, նա այլևս իրավունք չունի այդտեղ աշխատելու։ Եթե այսօր այս հարցում զիջել են, մյուս հարցերում էլ կզիջեն։ Մեր պայքարն իսկապես ճիշտ ընթացքի մեջ է։ Մենք ամեն պահի պետք է կատարենք այնպիսի քայլ, որի համար համապատասխան ուժ ենք կուտակել, և այստեղ ամեն մեկն իր անելիքն ունի։ Մենք ուզում ենք ամեն ինչ ու միանգամից, այդպես չի՛ լինում։ Մենք պետք է օր օրի մեր ուժի կուտակումն ավելացնենք։

No comments: