Thursday, October 1, 2009

Քլինթոնին կոչ են անում դադարեցնել ճնշումը Հայաստանի նկատմամբ

Tert.am. 1-10-2009- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դադարեցնել ճնշումը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը գործադրում է Հայաստանի վրա` ստիպելով վերջինիս «ընդունել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հակասական Արձանագրությունները»։ Ինչպես հայտնում է ANCA-ն, նամակում Խաչիկյանը խոսել է ամերիկահայ համայնքի այն մտավախությունների մասին, որ «այդ միակողմանի Արձանագրությունները, որոնք պարտադրվում են շրջափակման մեջ գտնվող Հայաստանին, որը չունի Թուրքիայի հետ բաց սահման և որը մինչ այժմ աշխատում է հաղթահարել Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները, վավերացման դեպքում կասկածի ստվեր են գցում Հայոց ցեղասպանության փաստի վրա, ինչպես նաև սպառնում են Հայաստանի անվտանգությանը»: Բացի այդ, ինչպես նշվում է Քեն Խաչիկյանի նամակում, «Արձանագրությունները վտանգում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ողջ հայության անքակտելի իրավունքները»:

No comments: