Thursday, October 1, 2009

Այդ հարցերը սակարկության ենթակա չեն՚

A1+. 1-10-2009- ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, ինչպես նաև այցելել է իրանահայերի ազգային հաստատություններ և շփումներ ունեցել այդ երկրում հայ գաղութի ներկայացուցիչների հետ: Մինչև ԻԻՀ Նախագահի մոտ մեկնելը ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելեց ԻԻՀ խորհրդարան, որտեղ ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանը և Ալի Լարիջանին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Սեպտեմբերի 30-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում ունեցավ Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, որը ևս այցով գտնվում էր Թեհրանում: Պրն. Աբրահամյանը վկայակոչեց ավանդական ջերմ հարաբերությունները Հայաստանի և Իրաքի ժողովուրդների միջև և առաջարկեց վերահաստատել և աշխուժացնել շփումները, որոնք ընդհատվել էին 2003թ. Իրաքի ճգնաժամի պատճառով: Իրաքի խորհրդարանի նախագահն ընդունեց այդ առաջարկը: Նա բարձր գնահատեց իրաքահայ համայնքի դերն իր երկրի կյանքում` նշելով, որ այն, բնականաբար, կարող է նպաստել երկու երկրների շփումներին: Սեպտեմբերի 30-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարան: Այնտեղ պրն. Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն, ապա ՀՀ ԱԺ նախագահը գրառոմ կատարեց պատվո հյուրերի գրքում: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի: Այնտեղ նա ծաղկեպսակ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ապա հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացին` պրն. Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. ՙՄենք հասկանում ենք սփյուռքի մեր եղբայրների և քույրերի անհանգստությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առկախումը հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումից: Նմանապես անընդունելի է այդ հարաբերությունների պայմանավորումը Արցախի հիմնահարցի կարգավորմամբ: Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն՚: Սեպտեմբերի 30-ին Թեհրանի ՙԱրարատ՚ մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ընդունելություն ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ, որին նաև մասնակցեց ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այդ միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սեպտեմբերի 30-ի` լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանից վերադարձավ Երևան:

No comments: