HayInfo- 16-10-2009- Հայաստանում առաջնային խնդիր է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունն ինչպես աշխարհի տարբերի երկրների, այնպես էլ Թուրքիայի կողմից, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
«Մեր նպատակը բարոյահոգեբանական և մշակութաբանական հարթությունում արդարության հասնելն է»,- ասաց նա մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Սարգսյանի խոսքերով, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն սահմանի բացումով, այլ դրանք ավելի բարդ հարաբերություններ են։
«Առաջին հերթին, դրանք բարոյահոգեբանական և մշակութաբանական հարաբերություններն են, ընդ որում՝ այդ ոլորտում բարդություններ ունենք ինչպես մենք՝ հայերս, այնպես էլ թուրքերը»,- ընդգծեց նա։
Միաժամանակ վարչապետն ընդգծեց, որ դա պահամանվորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով և, առաջին հերթին, Ցեղասպանության գործոնով։
«Շատ դժվար է դուրս գալ այս հարթության սահմաններից, երբ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Եվ այս բեռը մենք բոլորս զգում և տանում ենք մեզ վրա։ Բնականաբար, Թուրքիայի կողմից այս փաստի հերքումը բարդություններ է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում»,- նշեց կառավարության ղեկավարը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
Sunday, October 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment