«Լրագիր» 30-10-2009- 1991-ի աշնանը, նախագահական ընտրություններից հետո, զրուցում էինք սփյուռքի հեղինակավոր պարբերականներից մեկի խմբագրի հետ: Խոսքը գնում էր այն մասին, որ, բարեբախտաբար, ГКЧП-ն տապալվեց, եւ մենք հնարավորություն ունեցանք հաջողությամբ անցկացնել մեր անկախության հանրաքվեն եւ արդեն անկախ Հայաստանի նախագահի ընտրությունները: Համաձայնվելով այդ ամենի հետ, իմ զրուցակիցը, համենայնդեպս, շարադրեց նաեւ իր՝ ոչ այնքան ուրախ դիտարկումներն ու նկատառումները:
Ափսոս, չստացվեց ձեւավորել ազգային իշխանություն: Սրանք չեն ղեկավարելու: Սրանք միայն կառավարելու են ու միայն իշխելու են: Պետության պահպանման հետ կապված ամբողջ ծանրությունը թողնելու են ժողովրդի վրա: Իսկ իրենք միայն վայելելու են: Գաղափարախոսության մեջ էլ ոչ մի նոր բան չկա. Սովորական նեոբոլշեւիզմ, հիմնված հակակոմունիզմի վրա: Մինչդեռ մեր ազգին այսօր այնպիսի իշխանություն էր պետք, որը բառացի ստիպեր ժողովրդին ազատ ապրել, ստիպեր հասկանալ, թե ինչ են իրական ազատությունը, անկախությունը եւ ինչպիսիք են դրանց իսկական գինն ու արժեքը: Մեկնելով այսօրվա իրավիճակից, կարող է այնպես ստացվել, որ Հայաստանում ի վերջո ոչ մի հասարակություն էլ չձեւավորվի, եւ կասկածի տակ հայտնվեն ոչ միայն պատմության կողմից մեզ տրված այսօրվա հնարավորությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, այլ նույնիսկ այսքանի՝ ի վերուստ տրվածի ու ստացածի պահպանումը:
Զրուցակցիս արտահայտած մտքերին իր գնահատականը տալու հարցում ամեն ոք, իհարկե, բացարձակապես ազատ է: Մեր կողմից կուզենանաք նշել, որ մեր հայրենակիցը, համենայնդեպս, այնքան էլ չէր սխալվում: Իր էվոլյուցիոն զարգացման մեջ մեր հասարակությունը 90-91-ի ընտրություններից ու Շուշիի ազատագրումից հասավ մինչեւ հոկտեմբերի 27 ու մարտի մեկ, մինչեւ մադրիդյան սկզբունքներ ու զանազան «արձանագրություններ»:
Այսօրվա մեր post-ֆուտբոլային իրականությունից տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ հասարակությունը՝ շնորհիվ «նախաձեռնողական» ու «ֆուտբոլային» կոչվող հայկական այս դիվանագիտության, վերջապես կարողացավ թեթեւացած շունչ քաշել, քանզի վերջապես հաջողվեց իր վրայից թոթափել վերջին երկու տասնամյակների ընթացքում իր վզին փաթաթած պատերազմողի, հաղթողի, Ցեղասպանության զոհերի հետնորդի, կամ էլ Հայ Դատ կոչվածի տիրոջ չափազանց տհաճ ու անցանկալի բեռը: Եթե մենք մեզ հետ ազնիվ լինենք, պետք է խոստովանենք, որ այդ ամենից ազատվելու ձգտումը իրականում միշտ էլ եղել է, պարզապես հարմար առիթը չի եղել: Պարզվեց, որ եթե սրճարանային հիմար խոսակցությունների ու մի քանի բաժակ խմելուց հետո լացակումած երգ ու ողբերի փոխարեն մեզ առաջարկվում է շատ պրակտիկ մի բան, այն է՝ ստեղծել սեփական պետականություն եւ պահպանել այն, մեզ դա «չի դզում»: Ավելի հասկանալի լեզվով ասած՝ նման բանի համար քամակներս հետներս չէր գալիս: Ուստիեւ այդ ամենից շատ արագ պետք էր ազատվել: Անհրաժեշտ էր ընդամենը մի առիթ, պատրվակ հայրենաժխտման դրսեւորման համար, ինչը, մեծամասնության կարծիքով, հնարավորություն կստեղծեր, վերջապես, թեթեւ ու հանգիստ ապրելու համար: Աշխարհակարգը սահմանողներն էլ այդ ամենը շատ լավ հասկացան, ըմբռնումով մոտեցան եւ ընձեռեցին մեզ այդ հնարավորությունը: Ի դեպ, սեփական ժողովրդին այդ տհաճ վիճակից դուրս բերելու գործընթացին մեծապես նպաստեց նաեւ, եթե մի կողմ թողնենք բուն իշխանությունը, ապա նրա կողմից հաստիքային հայրենասերներ նշանակված հայ մտավորականների բավականին մեծաքանակ խումբը, որոնց միացան նաեւ կամավոր հիմունքներով հայրենասիրությամբ զբաղվող մի շարք մտավորականներ: Հույս ունենալով, որ իշխանությունները միգուցե իրենց էլ նկատեն:
Դա էլ ասենք, որ աշխարհ կոչվածն էլ անվերջ չէր կարող սպասել, թե «մեր քեֆը երբ է թամամելու» նորմալ պետություն ստեղծելու համար: Աշխարհը տեսավ, որ եթե մեզ մնա, եւ ամեն ինչ ընթանա ավանդական հայկական բնականոն ձեւով, հաջորդ հայկական իշխանությունը կարող է լինել արդեն Պոլ-Պոտի ռեժիմի նմանակը:
Հասարակություն կոչվածը թեթեւացած շունչ քաշեց նաեւ մեկ այլ առիթով: Այս իրավիճակը ազատում է նրան ներքին հարցերը կարգավորելու հոգսերից ու պատասխանատվությունից ու պարտականությունից, զի օրակարգում ավելի «գլոբալ» հարցեր են դրված՝ աշխարհը կրկին, բան ու գործը թողած, հայ ու թուրք է բարիշացնում: Մեր իսկ ձեռքով ժամանակին զրկելով Արցախը սուբյեկտի իր իրական կարգավիճակից, մենք հաջողությամբ իրականացնում ենք դա արդեն նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հիմնավորելով, որ դրսում քսանմեկերորդ դարն է եւ պետք է «պրագմատիկ» լինել: Պարզապես այդ պրագմատիզմ կոչվածը հայկական կողմից ընկալվում եւ դրսեւորվում է հայրենաժխտման ու տարածքամերժման վարքագծի դրսեւորմամբ, իսկ հակառակ կողմից՝ ոչ միայն ունեցածն իր ձեռքում պահելու, այլ դեռ ուրիշինն էլ ձեռք գցելու ձգտումով:
Այս ամբողջ ֆոնին ավելի քան տարօրինակ ու նույնիսկ անհասկանալի են դառնում երկրում իշխանափոխության անհրաժեշտության կոչերը: Ի՞նչ իշխանափոխություն, այդ ով ում է ցանկանում փոխել: Ամեն մի միջին վիճակագրական հայ ընտրող թող մի հատ նայի իշխանական բուրգին, հետո հայելու մեջ՝ ինքն իրեն, եւ նոր միայն մտածի իշխանափոխության մասին: Ոմ ումով ենք ուզում փոխարինել: Ինչ ուժի է այսօր ընդունակ իշխանության բերելու հայաստանյան ընտրազանգվածը: Ցույց տվեք, խնդրեմ, այն քաղաքական ուժը, որը արմատապես տարբերվելու է այսօրվա իշխողից: Նման քաղաքական ուժ այսօր չկա, քանզի դեռեւս նույնն է մեր հասարակությունը: Իրավիճակն արդեն այնպիսին է, որ ինքն է մեզ թելադրում եւ հրամայական դարձնում այն, որ առաջնայինն այսօր ոչ թե իշխանության, այլ նախեւառաջ մեր մտածելակերպի ու աշխարհընկալման փոփոխության անհրաժեշտությունն է: Թե չէ այսօրվա մեր հասարակական մտածելակերպին հենց համապատասխան իշխանություն էլ ձեւավորել ենք:
Այսօր, այս մտածելակերպով եւ նման՝ իշխանություն-հասարակություն առկա տեսքի փոխհարաբերություններով գնալ իշխանափոխության, նշանակում է մարտի մեկի հետեւանք 10 թվի կողքին ավելացնել եւս մեկ զրո: Այսինքն կանգնած ենք ակնհայտ, բացարձակապես աքսիոմատիկ մի ճշմարտության առջեւ. ինչ-որ բան փոխելու ընդունակ դառնալու համար նախ շատ բան պետք է փոխենք ինքներս մեր մեջ:
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment