Saturday, October 31, 2009

«Ամոթի օր». Երևանում նշեցին քաղբանտարկյալների միջազգային օրը

Tert.am. 30-10-2009- Այսօր քաղբանտարկյալի միջազգային օրն է, և քանի որ Հայաստանում դեռևս կա 17 քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները Կոնգրեսի ներկայացուցիչների և նախկին քաղբանտարկյալների հետ միասին բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Պահանջում ենք», «Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ» և այլ կարգախոսներ: Նրանց ձեռքներին կային նաև բազմաթիվ պաստառներ: Երբ Կոնգրեսի երիտասարդները սկսեցին բարձրախոսով վանկարկումներ անել և թմբուկ խփել, դիմացի մայթին աստիճանաբար շատացող ոստիկանները մոտեցան ակցիայի մասնակիցներին և ասացին, որ դադարեցնեն թմբուկ խփելը և բարձրախոսով վանկարկելը: Ոստիկաններից մեկն էլ հրահանգեց վերցնել բարձրախոսը, եթե երիտասարդները շարունակեն իրենց գործողությունները: Կոնգրեսի ներկայացուցիչները միջամտեցին՝ հարցնելով, թե ո՞ր օրենքով է դա արգելվում, սակայն ոստիկանները ոչինչ չէին կարողանում բացատրել: Ամեն դեպքում, որպեսզի ակցիան մինչև վերջ շարունակվի, երիտասարդները որոշեցին դադարեցնել բարձրախոսով խոսելը և թմբուկ խփելը: Ակցիայի մասնակից ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այսօր մեր ժողովրդի ամոթի օրն է, որովհետև անկախ Հայաստանում կան քաղբանտարկայլներ: «Ինձ թվում է մենք այս օրը պետք է հիշենք որպես Խորհրդային Միությունից մնացած մղձավանջ և հպարտանանք, որ մեր անկախ պետականության կերտումից հետո մենք չունենք որևէ նման խնդիր, սակայն ամոթով եմ նշում այս օրը, որովհետև իմ ընկերները դեռ բանտերում են: Մենք պետք է պայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ հոգի կա կալանավորված իր քաղաքական հայացքների համար: Դա մեր բոլորի ամոթն է»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանն ասաց, որ այս օրը Ռուսաստանում ամեն տարի էլ պաշտոնապես շեշտում են, չնայած իրենց մոտ ամենավերին օղակներում չեկիստներ են, բայց հարկ են համարում հաշվի նստել սովետական տարիների դիսիդենտական շարժման հետ որպես պատմություն, որպես փաստ։

No comments: