«ԱԶԳ, 20-10-2009- Թուրք վերլուծաբան Բերիլ Դեդեօղլուն թուրքական Zaman թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Հայաստանն ու Սիրիան համարվել են թուրքական հանրապետության թշնամիներ, երբ հանրապետությունը նոր էր ստեղծվում, եւ «սառը պատերազմի» տարիներին Արեւմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի կողմից «օգտագործվել» են ընդգծված հակաթուրքական քաղաքականությունն իրագործելիս, այժմ, ըստ Դեդեօղլուի. «Մենք ականատես ենք Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ իրականացվող հետաքրքրական զարգացումների: Ընդամենը մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, եւ որ այդ պատմական հաշտեցման արձանագրությունները Թուրքիան կստորագրի մի երկրի հետ, որն ունի բարիդրացիական հարաբերություններ Սիրիայի հետ»:
Վերլուծաբանն ասել է նաեւ, որ այժմ Թուրքիան փնտրում է նոր հիմքեր եւ ճանապարհներ` Հայաստանի հետ համագործակցելու. «Պատմական հարցերն առայժմ պետք է դնել մի կողմ: Անկարայի վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանի եւ Սիրիայի նկատմամբ նշանակում է ոչ միայն, որ այդ երկու երկրները փոխկապակցված են իրար, այլեւ, որ ամբողջ տարածաշրջանում տեղի են ունենում կտրուկ աշխարհաքաղաքական փոփոխություններ», նկատել է Դեդեօղլուն:
Նա նաեւ հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության ավելի ազատականացմանը: «Ինչպես նաեւ հենց մեր` Թուրքիայի: Բացի այդ, սահմանների բացումից հետո ստեղծվելիք իրավիճակում Սիրիան կարող է վերանայել իր քաղաքականությունն Իսրայելի ու Իրանի նկատմամբ: Մյուս կողմից, նույնը կարող է լինել Հայաստանի պարագայում` Ադրբեջանի նկատմամբ: Հենց Ադրբեջանն ու Իրանը կփոխեն իրենց քաղաքական կուրսերը, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այլեւս անվերապահորեն չի կարող պաշտպանել Ադրբեջանի ու Իսրայելի քաղաքական շահերը», նկատել է թուրք վերլուծաբանը:
Ըստ նրա` այսօր ե՛ւ Եվրոմիությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը գոհ են տարածաշրջանում իրականացվող քաղաքական զարգացումներից, որոնք, ըստ Դեդեօղլուի, ուղղված են տարածաշրջանային կայունության ու զարգացման ապահովմանը: «Բոլոր այս զարգացումները թույլ կտան ԱՄՆ-ին եւ Ռուսաստանինՙ պահպանելու իրենց ազդեցությունը տարածաշրջանի ռազմական եւ էներգետիկ ոլորտներում: Հիմա այն երկրները, որոնք իրենց պահում են բավական ագրեսիվ, կարող են հայտնվել խաղից դուրս: Մենք պետք է ուշադրությամբ հետեւենք Թուրքիայի եւ Իսրայելի, Իրաքի եւ Սիրիայի, Իրանի եւ Իսրայելի, Ռուսաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը: Ագրեսիվները դուրս կմնան «խաղից»: Շատ սխալ կլինի չօգտվել ժամանակի շնորհած արտոնություններից եւ նոր աշխարհաքաղաքական զարգացումներից` տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու եւ զարգացման հիմքեր դնելու համար», եզրափակել է թուրք վերլուծաբանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment