Monday, November 16, 2009

Ուսումնասիրվում են 90-ականներին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած հայերի ջարդերի քրեական գործերը

News.am.16-11-2009- Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դատախազությունների միջեւ ստորագրված իրավական փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակման մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՀ դատախազությունը խնդրել էր ԼՂՀ դատախազությանը՝ տրամադրել տեղեկատվություն՝ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Հայաստանի դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում իրականացված ահաբեկչական ակտերի, հայերի բնաջնջումների կապակցությամբ հարուցվել են տարբեր քրեական գործեր՝ ցեղասպանության, ահաբեկչության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով, որոնց քննությամբ պարզվել եւ հիմնավորվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից կատարված մի շարք ահաբեկչություններ: Մասնավորապես հիմնավորվել է, որ 1992թ. ապրիլի 10-ի առավոտյան՝ ժամը 07-ի սահմաններում, ազգային հողի վրա, ահաբեկչական խմբավորումները Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված հանցավոր գործողություններ են կատարել Ադրբեջանի ԽՍՀ-ի աջակցությամբ, որի հետեւանքով առանձին դաժանությամբ սպանվել են 60 խաղաղ բնակիչներ, իսկ 70 խաղաղ բնակիչներ պատանդ են վերցվել: Մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Մարտակերտում, Կիչանում, Առաջաձորում, Սեյսուլանում, Ջայնթաղում, Միրբաշիրում հայերի նկատմամբ ահաբեկչական ակտերն իրականացրել են Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները: Նրանցից ոմանց ինքնությունը Լեռնային Ղարաբաղի իրավապահներին հաջողվել է բացահայտել եւ շուրջ 3 տասնյակ գրոհային ներկայումս գտնվում է հետախուզման մեջ՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ահաբեկչական ակտեր, սպանություններ իրականացնելու մեղադրանքով: Որոնողական աշխատանքները դեռեւս արդյունք չեն տվել. Ըստ օպերատիվ տեղեկությունների գրոհայինները թաքնվում են Ադրբեջանում: Հայտնաբերվել են միայն Լեռնային Ղարաբաղի Առաջաձոր գյուղում իրականացված ահաբեկչական ակտերի անմիջական կատարողներից մի քանիսը՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման, սակայն նրանք, ըստ էության ազատվել են պատժի կրումից, քանզի Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել նրանց փոխարեն վերադարձնել մի քանի հայ խաղաղ բնակչի, որոնք գերի էին ընկել ադրբեջանցիների մոտ: Խաղաղ բնակիչները փոխանակվել են հանցագործների հետ, որոնք հետագայում Ադրբեջանում ազատվել են պատժից: ԼՂՀ դատախազության տրամադրած նյութերը կհամալրեն Հայաստանի դատախազության եւ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համատեղ ստեղծվող էլեկտրոնային արխիվը:

No comments: