Monday, November 16, 2009

Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի հետ. փորձագետ

Tert.am. 16-11-2009- Ոչ Հայաստանը և ոչ էլ Թուրքիան պատրաստ չեն շարունակել արդեն իսկ սկսված գործընթացը, այսօր լրագրողներին է հայտնել քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նրա խոսքերով` Արձանագրությունները Ցյուրիխում ստորագրվել են ոչ թե Հայաստանի և Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն «առանց արտաքին աջակցության» հնարավոր չէ: Մուրադյանը նշել է, որ Միացյալ Նահանգներն այլևս ունակ չեն աջակցել գործընթացին։ «Մեր տարածաշրջանը սերտորեն կապված է ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Ասիայում վարվող ռազմավարության հետ: Այն պայաններում, երբ ԱՄՆ-ի վերնախավը և ղեկավարությունը կորցրել են իրենց, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններն էլ, իրենց հերթին, անհասկանալի բնույթ են կրում, Կովկասն ԱՄՆ-ի համար դառնում է ավելի պակաս կարևորություն ունեցող տարածաշրջան»,- ընդգծել է քաղաքագետը: «Ստացվում է, որ Հայաստանին և Թուրքիային ձեռքից բռնած բերեցին բանակցությունների սեղանի մոտ և այնտեղ թողեցին մենակ»,- նշել է փորձագետը` հավելելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից բավարար ճնշում չի զգում: Իսկ այս դեպքում Թուրքիայի նպատակն է միջազգային ինքնուրույնություն ձեռք բերելը, քանի որ Թուրքիան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի բռնապետությանը»,- հայտարարել է Մուրդյանը: «Սա է հայ-թուրքական բանակցությունների հանգուցային իրավիճակը»,- – հավելել է նա:

No comments: