Monday, November 16, 2009

Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մյունխենում

News.am.16-11-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը նոյեմբերի վերջին: Նշենք, որ սովորաբար երկու երկրների նախագահները հանդիպում են ԱԳ նախարարների հանդիպումից հետո, սակայն այս անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են նախագահների հանդիպումից հետո՝ դեկտեմբերի 1-2-ին Աթենքում: Նախագահների հանդիպումը կազմակերպելու համար համանախագահները օրերս այցելելու են տարածաշրջան, այդ հանդիպման վայրն ու ժամանակը հստակեցնելու համար: NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումը կայանալու է Մյունխենում: Համանախագահների այցելությունը կայանալու է այս շաբաթ: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ բանակցություններում քննարկվում է միայն ԼՂ կարգավիճակի հարցը, մինչդեռ ադրբեջանական կողմը խոսում է բանակցություններում քննարկվող հարցերի ավելի լայն շրջանակի մասին, ընդգծելով, որ ԼՂ կարգավիճակի հարցը առանցքային հարցերից մեկն է: Հայաստանը պնդում է, որ ԼՂ-ն չպետք է ենթարկվի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է ինքնավարության բարձր կարգավիճակ տալ Ղարաբաղին` իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ԱՄՆ այցելության ընթացքում Օբամայի հետ բանակցությունների ժամանակ պնդել, որ արագացվի ԼՂ խնդրի կարգավորումը: Հիշեցնենք, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ԼՂ խնդրում առաջընթաց արձանագրվելու դեպքում:

No comments: