Tuesday, November 3, 2009

Ադրբեջանում ազանի արգելումը լրջանում է

Aysor.am 3.11.2009 - Բաքվի և Գյանջայի կենտրոնական մզկիթներում ազանը (մահմեդականներին աղոթքի հրավիրող կանչը) արգելվելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում:Ազադլիգ.ազ-ի համաձայն, Ադրբեջանի կրոնական համոզմունքների և խղճի ազատությունների պաշտպանության կենտրոնի ղեկավար Իլգար Իբրահիմօղլուն հարցի հետ կապված ասել է, որ իրենց կատարած մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ պետական պաշտոնյաները Բաքվի երեք հիմնական մզկիթներում ազանն արգելելու ուղղությամբ առայժմ բանավոր հրահանգներ են տվել: Այդ տեղեկությունը հայստատել է նաև ադրբեջանական դեյերլեր.օրգ կայքը:Այդ կապակցությամբ մուսավաթ. քոմ-ն էլ հայտնել է, որ տեղեկություններ կան ազանն ամբողջ Ադրբեջանով մեկ արգելելու ուղղությամբ իշխանությունների կողմից ջանքեր գործադրվելու մասին:Թերթի հետ զրույցում Իբրահիմօղլուն ասել է, որ ազանն արգելվելու մասին հրահանգ է տրվել նաև Գյանջայում: Հոկտեմբերի 31-ից քաղաքի կենտրոնական 4 մզկիթներից ազան չի հնչեցվել: Գյանջայի աղբյուրները հայտնել են, որ ազանն արգելել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի Գյանջայի ներկայացուցիչ Ֆիրդուսի Քերիմովը:Իբրահիմօղլուն ասել է նաև, որ Բաքվի «Քերբալայի Աբդուլլա» մզկիթում ազանն արգելվել է այն փակելու սպառնալիքով: Մզկիթի հերթապահ իմամը հայտնել է, որ մի քանի պաշտոնյաներ պահանջել են ազան չհնչեցնել և սպառնացել, որ հրահանգը չկատարվելու դեպքում, մզկիթը կփակվի:Դեյերլեր.օրգ-ի տեղեկացմամբ, նոյեմբերի 1-ից Բաքվի «Իլլահիեթ» և «Բիբի Հեյբաթ» մզկիթներում ազանը մինարեներից շատ ցածր ձայնով է հնչեցվել: «Թեզե փիր» մզկիթի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ բանավոր պաշտոնական հրահանգներից դժգոհություն է հայտնել է նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն:Նոյեմբերի 2-ից ազանը դադարեցրել է նաև «Թազա փիր» մզկիթը: Մզկիթի գլխավոր ախունդ (հոգևորական) հաջի Ֆաիզը ԱՆՍ Պրեսս գործակալությանը հայտնել է, որ նման իրավիճակ տիրում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Ադրբեջանի շրջաններում: Նա ասել է, որ երկրի շահերին և հեղինակությանը վնասող այդ իրավիճակի մասին կտեղեկացնեն պատկան ատյաններին:Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի բաժնի վարիչ Գյունդուզ Իսմայիլովը ԱՆՍ Պրեսս-ին ոչ հերքել, ոչ էլ հաստատել է մզկիթներում ազանի արգելման մասին լուրը, ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի:«Ազանը պաշտոնապես չի արգելվել և մզկիթներին արված ցուցումը պաշտոնական բնույթ չի կրում: Սակայն, ազանին արգելք էր դրվել նաև 2007 թ-ին, ինչը հանվել է Ադրբեջանի ղեկավարության միջամտությունից հետո: Հետաքրքրական է այն, թե ժամանակ առ ժամանակ ազանն արգելողների հետևում ովքեր են կանգնած և ինչ նպատակ են հետապնդում, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում իշխանություններին», հայտնել է մուսավաթ. քոմ-ը:

No comments: