Tuesday, November 3, 2009

ԻՍԿ ԻՆՉ ԱՆԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ

Lragir 03/11/2009 - ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը օրերս մի հայտարարություն էր արել, որով կոչ էր անում ԼՂՀ Սահմանադրությունը խախտելու համար պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կխոսեն ազատագրված տարածքները հանձնելու մասին, քանի որ այդ տարածքները Սահմանադրությամբ ամրագրված են որպես ԼՂՀ տարածք: Իսկապես արդյունավետ առաջարկ է: Տարածքների հանձնման մասին խոսելը նշանակում է հակասել ԼՂՀ Սահմանադրությանը, այսինքն խախտել այն: Իսկ Սահմանադրությունը խախտելը ենթադրում է հստակ պատասխանատվություն: Իհարկե, դա չի ազդի օրինակ Հայաստանի պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների վրա, բայց այդպիսիներին էլ կարելի է պարզապես թույլ չտալ, որ նրանք մտնեն Ղարաբաղ, քանի որ իրենց հայտարարություններով երբեւէ խախտած կլինեն ԼՂՀ Սահմանադրությունը: Դա իհարկե հազիվ թե էական նշանակություն ունենա իրավիճակի ընդհանուր փոփոխության տեսանկյունից, քանի որ հայկական քաղաքական էլիտայի գերակշիռ մասը ներկայում մինչեւ ուղն ու ծուծը համոզված է, որ տարածքներ այդուհանդերձ պետք է հանձնել, եթե դա պահանջի այսպես կոչված միջազգային հանրությունը: Բայց այդուհանդերձ, Սահմանադրություն հարգելու որեւէ քայլ, հատկապես այդպիսի կարեւոր հարցում, չի կարող լինել բացարձակապես անարդյունք: Սակայն, եթե այդուամենայնիվ ենթադրենք, որ տարածքները հանձնելու մասին չի խոսում այլեւս որեւէ գործիչ, միեւնույն է առաջանում է մի պարզ հարց` իսկ ինչ անել տարածքների հետ: Լավ, տարածքները չենք հանձնում: Իսկ ինչ ենք անում: Ինչի համար են մեզ դրանք պետք: Որպես ինչ ենք մենք պահում տարածքները: Մասնավորապես, եթե դրանք ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված են որպես ԼՂ հանրապետության տարածք, ապա հարց է առաջանում, թե ինչու են այդ տարածքներն առ այսօր մատնված անուշադրության եւ փաստացի անտերության, թեեւ իհարկե շատերը գիտեն, եթե ոչ բոլորը, որ այդ տարածքներն իրականում լավ էլ տեր ունեն: Ուղղակի այդ տերերը ոչ ֆորմալ տերեր են` Հայաստանի եւ ԼՂՀ պաշտոնյաներ, բանակի հրամանատարներ: Նրանք իրենց համար մաս-մաս են արել ազատագրված տարածքները եւ օգտվում են դրանցից, քանի դեռ տարածքները հանձնելու միջազգային պահանջը խոսքից չի անցել կոնկրետ գործի: ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասում էր օրինակ, որ ազատագրված տարածքները բնակեցնելու հարցը Ղարաբաղը չի կարող միայնակ լուծել, քանի որ դրա համար շատ փող է պետք: Կարելի է այդ մտքի հետ համաձայնել, թեեւ դժվարությամբ, որովհետեւ եթե հաշվի առնենք նույն Արկադի Ղուկասյանի, կամ Ղարաբաղի նախկին ու ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հրամանատարների ոչ ֆորմալ ֆինանսական հնարավորությունները, ապա արդարացումը, թե Ղարաբաղը փող չունի ազատագրված տարածքները բնակեցնելու համար, դառնում է ծիծաղելի: Ղարաբաղը փող չունի, որովհետեւ թերեւս այդ փողը պաշտոնյաների եւ հրամանատարների գրպանում է: Բայց ենթադրենք, որ իրականում նրանց գրպանում էլ, Ղարաբաղում էլ փող չկա: Միթե այդ խնդիրն այդքան անլուծելի էր անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Միթե հայաստանցի եւ ղարաբաղցի մեծահարուստները, որոնք արտերկրում ունեն բազմաթիվ բիզնեսներ, էլ չասած Հայաստանում ունեցած մոնոպոլիաների եւ խոշոր բիզնեսների մասին, չէին կարող այս տարիների ընթացքում մի քանի ենթակառուցվածքի հարց լուծել ազատագրված տարածքներում եւ ձեւավորել մի քանի կանոնավոր բնակավայր: Երեւի թե կարող էին: Պարզապես նրանց այն մտայնությունը, որ այդ տարածքները հանձնելու համար են, թերեւս ստիպում էր եւ ստիպում է, որ այնտեղ որեւէ երկարաժամկետ, ռազմավարական ներդրում չարվի, այլ ընդամենը քամեն այդ տարածքներից այն, ինչ հնարավոր է, քանի դեռ դրանք մերն են: Ուրեմն, խնդիրը չի կարող լուծվել միայն նրանով, որ ոչ մի խոսք այլեւս չի ասվի տարածքները հանձնելու մասին: Բանն այն է, որ տարածքները խոսքով չէ, որ հանձնվում են, այլ գործով: Հետեւաբար երեւի թե պատասխանատվություն պետք է սահմանել այն բանի համար, որ Ղարաբաղին պատկանող սահմանադրական տարածքներում որեւէ ռազմավարական ծրագիր չի իրականացվում կյանք հաստատելու համար: Չէ որ լսելով չէ միայն, որ աշխարհը տեղեկանում է տարածքները պահելու մեր հաստատակամության կամ դժկամության մասին, այլ առաջին հերթին տեսնելով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: