ԼՂ հարցն ու հայ-թուրքական սահմանն, ըստ Պիտեր Սեմնեբիի, տարբեր են, ու պետք չէ կապել միմյանց
«ԱԶԳ», 03-11-2009 - Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Վրեմյա նովոստեյ» հաղորդմանը տված պարզաբանումներում անդրադարձել է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացին, այնպես էլ դրա ազդեցությանը տարածաշրջանային գործընթացների ու երկրների դիրքորոշումների վրա:Մասնավորապես, հաղորդման տպագիր տարբեր համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը բոլորը պետք է հարմարվեն, քանի որ փակ սահմաններով վիճակը հավերժ չէր մնալու այդպիսին:«Պետք է դիտարկել ու քննարկել, թե տարածաշրջանում նոր իրավիճակում ինչպես պաշտպանել ու զարգացնել սեփական շահերը», այսպես է Սեմնեբին պատասխանել հարցին, թե արդյոք հայ-թուրքական մերձեցումը կարո՞ղ է նշանակել նաեւ ռուսական ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում: «Ռուսաստանը սկսել է ներդրումներ անել Հայաստանի ենթակառուցվածքում, կառուցում է երկաթուղային գծեր, իսկ դրանք ներդրումներ են, որ կփոխհատուցվեն միայն այն դեպքում, եթե բաց լինեն սահմանները»:Հետաքրքրական է, բայց, ըստ Սեմնեբիի, վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը, ցույց տալով տարածքային հակամարտություններին առնչվող մեծ ռիսկերը, որոշակի դինամիզմ է հաղորդել հայ-թուրքական հարաբերություններին:Թե որքանով է հայ-թուրքական գործընթացը հայ դիվանագիտության հաջողություն եւ արդյո՞ք զուգահեռաբար չի ընթանում ղարաբաղյան հարցին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը պարզաբանել է. «Մերձեցման խթան տրվել է ոչ միայն Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ սահմանի բացումը Հայաստանի շահերից է բխում, չնայած հենց երկրի ներսում խնդիրը վիճահարույց է»:Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ ղարաբաղյան խնդրին, ապա Սեմնեբին նշել է. «Դրանք տարբեր խնդիրներ են, պետք չէ մեկը մյուսին կապել, այլապես կարելի է հայտնել մի իրավիճակում, երբ հարաբերությունները նորմալացնելու հնարավորությունները կրկին կփակվեն»: Այնուամենայնիվ, այդ գործընթացները ազդում են միմյանց վրա, եւ Սեմնեբիի խոսքերով, պետք է անել այնպես, որ դրանք հնարավորինս դրական ազդեն միմյանց վրա:Մյուս կողմից, Հայաստանի հետ խնդիրը, ըստ Սեմնեբիի, սահմանափակել է Հարավային Կովկասում Թուրքիայի հնարավորությունները: Ամեն դեպքում, հարաբերությունների նորմալացումը, ըստ դիվանագետի, նոր հնարավորություններ կբացի նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման համար:«Վստահ եմ, որ հայկական ղեկավարությունը գիտակցում է, որ Ղարաբաղի ստատուս քվոն չի կարող հավերժ լինել: Պետք է ստեղծել ճիշտ պայմաններ, որպեսզի ղեկավարությունը կարողանա զբաղվել նաեւ ղարաբաղյան հարցով», հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Իսկ մինչ այդ, երբ վավերացված կլինեն արձանագրությունները, ըստ Սեմնեբիի, եւս երկու ամիս անց կբացվի հայ-թուրքական սահմանը:Իսկ թե կվավերացվե՞ն արդյոք արձանագրություններըՙ Պիտեր Սեմնեբին լավատես է ներիկայացել: «Հնարավոր չէ 100 տոկոսով երաշխավորել, բայց ես համոզված եմ, որ դա տեղի կունենա: Հայաստանի համար դա կենսականորեն կարեւոր է, դա նաեւ բխում է Թուրքիայի շահերից: Թուրքիան այս գործընթացը սկսել է ոչ թե Հայաստանի հանդեպ բարեկամեցողության նկատառումներից, այլ քանի որ դա իր շահն է... Իհարկե, Թուրքիայի համար կարեւոր է նաեւ նկատի ունենալ Ադրբեջանի շահերը, բայց, այնուամենայնիվ, այս գործընթացն ավարտին հասցնելը համապատասխանում է Թուրքիայի շահերին»:Ի շարս այլ հարցերի, Պիտեր Սեմնեբին խոսել է նաեւ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների մասին, ընդգծելով, որ ամենայն հավանականությամբ շուտով «կսկսվեն բանակցությունները Հայաստանի` Եվրոմիության ասոցիատիվ անդամակցության ուղղությամբ, ինչն առաջարկվում է նաեւ «Արեւելյան հարեւանության» մասնակից մյուս երկրներին: Եվ դա կշարունակվի անկախ նրանիցՙ թե կբացվի՞ Թուրքիայի հետ սահմանը, թե՞ ոչ»:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment