/PanARMENIAN.Net/ 02.11.2009 - Ջավախեցի ակտիվիստ Վահագն Չախալյանի դեմ դատավարությունը Վրաստանի Վճռաբեկ դատարանում անցավ այն նույն սցենարով, ինչ որ առաջին ատյանի դատարանում: Այս մասին Երեւանում հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց ՙԵրկիր՚ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: ՙՋավախքի քաղաքական ակտիվիստին հնարավորություն չէր տրված իր իսկ ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվելու: Դատական լսումների հայերեն թարգմանությունը լիարժեք եւ որակով չէր, ինչը Չախալյանին եւ նրա հայ դատապաշտպանին զրկում էր դատավարությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Դատարանը մերժել էր հարցաքննության հրավիրել այն վկաներին, որոնց չէին հարցաքննել առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ անօրինական հիմնավորումներով մերժել էր պաշտպանության ներկայացրած բազում այլ միջնորդություններ՚, - հայտարարեց Ռոբերտ Թաթոյանը:
Ըստ նրա, վրացական արդարադատությունը նախընտրում էր ՙչնկատել՚ այն փաստը, որ Վահագն Չախալյանին ձերբակալելու եւ բանտարկելու դրդապատճառը բացառապես քաղաքական է, եւ բոլորովին ոչ մի առնչություն չունի նրա դեմ հարուցված մեղադրանքի հետ:
ՙՋավախքի հայ գործիչի հանդեպ խայտառակ դատավճռի հաստատումով վրացական իշխանությունները ՙհաստատում են՚ ջավախահայության հետ ոստիկանական բռնության լեզվով խոսելու իրենց վճռականությունը, ինչն էլ կհանգեցնի Վրաստանի հայաբնակ շրջաններում վախի եւ օտարացման մթնոլորտի ուժեղացմանը՚, - նշեց Թաթոյանը:
Սրանից ելնելով, ՙԵրկիր՚ միությունը կոչ է անում միջազգային կառույցներին եւ իրավապահ կազմակերպություններին ձեռնարկել իրական քայլեր Վրաստանում հայաշատ շրջաններում խորացող ճգնաժամը կանխելու ուղղությամբ, ստիպելով Վրաստանի իշխանություններին վերջ տալ բռնություններին, ազատել ջավախեցի քաղաքական գործչին եւ գտնել հայ ազգաբնակչությանը հուզող խնդիրների ընդունելի լուծումներ:
ՙԺամանակն է, որպեսզի միջազգային հասարակայնությունը վրացական իշխանություններին ուղարկի հստակ ու պարզ հաղորդագրություններ այն մասին, որ սեփական երկրի հայ ազգաբնակչության հետ ուժի, բռնության եւ իրավունքներից զրկելու դիրքերից խոսելու սովորությունը կտանի փակուղի, ինչպես նաեւ իրական դեմոկրատական ընթացակարգերի արմատավորումը, միգուցե հնարավոր է ստեղծի երկրի զարգացման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման երաշխիքներ՚, - հայտարարեց ՙԵրկիր՚ միության ներկայացուցիչը:
2009 թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի ջավախահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը, համապատասխանաբար` 5 եւ 2տարիների` պայմանական, վճարելով 5000 ( 3000 դոլար) եւ 2000 (1200դոլար) լարի տուգանք:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment