Thursday, November 19, 2009

Ղարաբաղի հարցով միջնորդները երբեք չեն սատարի մահմեդական Ադրբեջանին. Գուլուզադե

Tert.am.19-11-2009 - Փաստաթուղթը, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը նախապատրաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, չի բխում Բաքվի շահերից, 1news.az-ին հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Արևմուտքը մշակում է միայն այն փաստաթղթերը, որոնք իրենց դաշնակիցների շահերից են բխում: Տվյալ դեպքում միջնորնդները սատարում են քրիստոնեական Հայաստանին»,- նշել է Գուլուզադեն` հավելելով, որ միջնորդները երբեք չեն համաձայնի նրա հետ, «ինչ պահանջում է մահմեդական Ադրբեջանը»: «Եթե Ադրբեջանն այժմ լիներ Հայաստանի տեղում, վստահեցնում եմ, հենց այդ տերությունները մեզ կքարկոծեին, թե, իբր, ինչպես եք դուք համարձակվել գրավել անկախ Հայաստանի տարածքները: Այդ իսկ պատճառով ես լավատես չեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ»,- նշել է ադրբեջանցի փորձագետը: Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունները, թե «Թուրքիան մտադիր է փոխել ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն»՝ Գուլուզադեն նշել է, որ թուրք նախարարի այդ հայտարարությունը վերացական բնույթ է կրում: «Թող նա նույնպես բացատրի, թե ինչ էր ցանկանում դրանով ասել: Երկար տարիների ընթացքում տարբեր երկրների դիվանագետները, խոսելով դիվանագիտական եզրերի լեզվով, քողարկում են իրենց մտադրությունների էությունը: Հնարավո՞ր է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի փոփոխությունը անհրաժեշտ է Դավութօղլուին հայ-թուրքական սահմանի բացման համար, այն էլ անկախ նրանից` թե ում օգտին»,- եզրափակել է Վաֆա Գուլուզադեն:

No comments: