Thursday, November 19, 2009

ԱՄՆ ներկայացուցիչ. Եթե Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնության չգան գազի գնի հարցում, գազը Եվրոպա կհասնի Թուրքիան շրջանցելով

News.am. 19-11-2009 - Էներգետիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը հայտնել է, որ անցած շաբաթ Վաշինգտոնում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ էներգետիկ քաղաքականությամբ ու ճգնաժամային իրավիճակների կարգավորմամբ: Այն պետք է նաեւ որոշի, թե որ գործարքներն են Ռուսաստանի հետ համարվում օրինական: Այսինքն խոսքը գնում է ՌԴ-ԵՄ էներգետիկ երկխոսության գործընթացում Վաշինգտոնի լիարժեք մասնակցության մասին: Այս մասին հաղորդում է «Բելառուսական նորություններ»-ը: Ինչ վերաբերում է «Նաբուկո»-ին, ապա նա ասել է, որ այդ նախագիծը կենսական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ աղբյուրների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից: Մորնինգսթարի խոսքով, այստեղ շատ կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան համաձայնության գալ գազի գնի ու մատակարարումների վերաբերյալ: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան չկարողանան պայմանավորվել, էներգետիկ ընկերությունները եւ մասնակից երկրները կսկսեն այլ ուղիներ փնտրել: Այդ այլընտրանքը կարող է լինել Սեւ ծովի հատակով անցնող „Սպիտակ հոսք“-ը: Պետք է աշխատել բոլոր այլընտրանքների ուղղությամբ եւ մենք աշխատելու ենք: Սակայն առաջնահերթ ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ հասկացողություն գտնելուն: Դրա շնորհիվ Թուրքիան կվերածվի շատ ուժեղ տարանցիկ երկրի»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ «Նաբուկո»-ի համար գազի այլ մատակարարներ կարող են լինել Իրաքն ու Թուրքմենստանը, իսկ ահա ԱՄՆ-ը չի ցանկանում այդ շարքում տեսնել Իրանին:

No comments: